Հասարակություն Բարի օր 

Ոչ ՀՀ Սամբոյի ֆեդերացիան, ոչ սպորտի ոլորտից ուրիշ մեկը մեզ չի օգնել. Կոլյա Կարապետյանի հայրը հետաքրքիր մանրամասներ է հայտնում այն մասին, թե ինչու է Կոլյան դեռ հիվանդանոցում

2017-թվականից  Հայաստանի սամբոյի չեմպիոն Կոլյա Կարապետյանը գտնվում է հիվանդանոցում: Հասկանալու համար, թե ինչու է Կոլյան հայտնվել այս վիճակում Analitik.am-ը զրուցեց Կոլյայի հոր՝ Հրաչ Կարապետյանի հետ: Նա մեզ հայտնեց, որ  2017 թվականի մայիսի 20-ին Կոլյա Կարապետյանը Մինսկ քաղաքում մասնակցել է սամբոյի Եվրոպայի առաջնությանը, որի ժամանակ գրավել է 3-րդ տեղը: Մրցումների ավարտից հետո Կոլյայի ինքնազգացողությունը վատացել է, նա գնացել է հիվանդանոց, որտեղ պարզել են, որ արյան զեղում ունի.

«Մրցումների նախաձեռնողը ՀՀ Սամբոյի ֆեդերացիան էր: Մենամարտից հետո՝ երեկոյան, Կոլյայի մարզիչը զանգահարեց  ինձ ու ասեց , որ Կոլյան իրեն լավ չի զգում և թեթևակի վնասվածք ունի: Վիրահատելուց հետո արյունը կանգ չի առել, այդ պատճառով 2-րդ անգամ են վիրահատել: 2-րդ վիրահատությունից 3 օր հետո մինինգիտ  առաջացավ: Այդ խնդիրը լուծելու համար զանգել եմ ՀՀ  Սամբոյի ֆեդերացիա, որ օգնեն ինչ-որ կերպ:  Նրանք ամեն օր ասում էին համբերի՝ դիմել ենք սրան, դիմել ենք նրան ու ամեն օր ձգում էին, ասում էին մտել ենք վարչապետի մոտ ու նման այլ բաներ: Մինսկի հիվանդանոցն էլ արդեն գումար էր պահանջում, Սամբոյի  ֆեդերացիայի նախագահը  նամակ ուղարկեց, որ իրենք հաշիվը վերջնահաշվարկի ժամանակ կփակեն: Հիվանդանոցում մուծումներ չկատարելու համար մեզ ուզում էին դուրս հանեին, բայց Կոլյայի վիճակը շատ ծանր էր և այդ պատճառով չկարողացան: 6-7 վիրահատությունից  հետո Կոլյան կարողանում էր ոտքի կանգնել՝ տեսնելով, որ մի քիչ վիճակը կայուն է, Կոլյայի գլխի ոսկորը դրեցին  և որոշեցին  ուղարկել Հայաստան, բայց նման իրավունք չկար, որովհետև պետք է 6-7 ամիս սպասեին, որ ներգանգային ճնշումը կարգավորվեր, նոր այդ ոսկորը դնեին: Սակայն, հաշվի առնելով այն, որ գումարները չէին վճարվել, նրանք դա արեցին: Ոսկորը դնելուց հետո նորից  արյունը խփում է գլխին, ու Կոլյայի վիճակն ավելի է վատանում: Այդ վիճակով՝ տղայիս ինվալիդ տալիս են ձեռքս ու ճանապարհում են Հայաստան: Զանգ եմ տալիս Սամբոյի ֆեդերացիայի նախագահին, նա ինձ ասում է՝  դու մի բան արա բեր Կոլյային, մենք ստեղ կհավաքենք կտանք գումարը, դրանից հետո զանգ եմ տալիս «Մեղեդի» սրճարան, որտեղ աշխատել եմ և նրանք են ֆինանսավորում, որ տղայիս բերեմ Հայաստան: Սակայն, Սամբոյի ֆեդերացիայի նախագահն այդ գումարն այդպես էլ չտվեց:

Հայաստանում Կոլյային տեղափոխում ենք 1-ին հիվանդանց, նորից վիրահատություն են անում, կլապան են փոխում: Հիմա Կոլյան գտնվում է Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնում, բայց աննպատակ, որովհետև բժիշկներն ընդունում են, որ իրենց ուժերից վեր է նման հիվանդին բուժելը, որովհետև չկան համապատասխան սարքավորումներ»:

Ինչ վերաբերում է Կոլյային օգնություն ցուցաբերելուն, ապա Հրաչ Կարապետյանը նշեց, որ Սամբոյի ֆեդերացիայից և սպորտի ոլորտից  որևէ մեկը չի օգնել իրենց.

«Տղայիս օգնել են միայն  իր աշխատանքային ընկերները՝ Կոլյան ոստիկանությունում էր աշխատում: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն էլ միշտ հետաքրքրվում էր, օգնում, ինչով հնարավոր է, միայն ոստիկաններն են օգնել ու հետաքրքրվել, իսկ սամբոյի ֆեդերացիայից անգամ չեն եկել, որ տեսնեն, թե ոնց է վիճակը, չեն հետաքրքրվել:  Բոլորի կողմից միայն խոստումների շարան է, բայց օդի մեջ: Մի բան էլ կա՝ չգիտեմ ինչու, բայց իմ տղան այդ մրցմանը գնացել է ոչ թե Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորմամբ, այլ  իր: Կոլյան արդեն մի քանի հիվանդություն ունի, հիմա գտնվում ենք վերականգնողական բաժանմունքում, բայց այստեղ չկա համապատասխան տեխնիկա, դրա համար մեր կառավարությանը և բոլորին խնդրում եմ օգնել, որ տղաս բուժում ստանա արտերկրում: Չեմ հասկանում՝ ինչպես կարող է մարդ գնա մասնակցի մենամարտի ու առանց ապահովագրության: Սա անհասկանալի է»:

Analitik.am-ը զրուցեց նաև Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի  հետ, ով ասաց, որ իրենց կազմակերպությունը ՀԿ է և կարողանում է օգնել այնքանով, որքանով հնարավոր է.

Հրաչ Կարապետյանը նաև նշեց, որ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ներկայացնում է, թե Կոլյային Սամբոյի ֆեդերացիան ամեն ամիս օգնություն է տալիս՝ 27 000 ՀՀ դրամի չափով, սակայն դա պետության կողմից օրենքով Կոլյային հասնող աշխատավարձն է. «27-30 հազար դրամ գումար ենք ամեն ամիս ստանում, որը ոչ թե ՀՀ սամբոյի ֆեդերացիայի կողմից օգնություն է, այլ սամբոյի առաջնության մրցումների ժամանակ Կոլյաի հաղթանակի դիմաց աշխատավարձ՝ այն էլ պահումներով: Մնում է միայն 1 ամիս, որ այդ վարձատրությունը վերջանա  ու դրանից բացի Կոլյան պետք է ստանար 40 հազար ՀՀ դրամ, բայց պահումներով ստանում է 27-30 հազար դրամ: Սամբոյի ֆեդերացիայի նախագահն ինձ համոզել էր, որ ինքն է այդ գումարը որպես օգնություն տալիս, բայց տղայիս ընկերներն ասացին, որ Կոլյան իր աշխատավարձն է ստանում: Մենք ոչ մի անգամ օգնություն չենք ստացել  Սամբոյի ֆեդերացիայի կողմից: Մինչև այսօր չեն տվել 3000 ԱՄՆ դոլար գումարը, որը խոստացել էին տալ՝ Կոլյային  Հայաստան բերելու ծախսերը:  Ինձ ընդամենը 300 դոլար են տվել, միայն դա է եղել,  մինչև այսօր պարտքերի մեջ եմ, ոչնչով չեն օգնել, մի հատ չոփ անգամ չեն առել ֆեդերացիայից»:

Հրաչ Կարապետյանը նաև նշեց, որ ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի նախագահը ներկայացնում էր, թե ինքն ամիս Կոլյային 30 հազար ՀՀ դրամ օգնություն է տալիս. «Ես կարծում էի, թե մեզ օգնություն էին տալիս, բայց դա տղայիս շահած գումարն է, անգամ պահում պետք է չանեին: Օրենքով ավելի շատ գումար պետք է ստանա տղաս: Այդ գումարը պետությունն է տալիս տղայիս, իր աշխատած գումարն է և բառիս բուն իմաստով ոչ մեկը սպորտի ոլորտից՝ ոչ Սամբոյի ֆեդերացիան, ոչ սպորտկոմիտեն, ոչ նախարարությունը չեն օգնել Կոլյային: Միայն նոր Սամբոյի միջազգային ֆեդերացիան որոշել է օգնել, անգամ չէին ասել մեզ մինչ այս, որ նման բան գոյություն ունի, որ դիմեինք մինչ այս պահը կամ իրենք դիմեին»:

Այս պահին Կոլյան գտնվում է ծանր վիճակում և սպասվում է, որ պետք է տեղափոխվի արտասահման բուժման նպատակով, սակայն դեռևս չկա գումար, որի միջոցով հնարավոր կլինի կազմակերպել Կոլյայի տեղափոխման և բուժման ծախսերը:

Նշենք, որ Analitik.am-ը մինչ այս նյութ էր հրապարակել Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայում հնարավոր չարաշահումների մասին:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից