Գործուղումների մասով վարչապետի որոշման համաձայն, բարձրաստիճան պաշտոնյաներն ԱԳՆ-ի հետ հաստատված ժամկետներում համաձայնեցնում են գործուղումներն ու ծրագրված հանդիպումները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ խոսելով այն մասին, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ:
Նաղդալյանը հիշեցրեց, որ Տաթևիկ Ռևազյանը հայտնել է, թե ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը ծրագրված չի եղել, այն եղել է, այսպես ասած, ոտքի վրա, հետևաբար չէր կարող համաձայնեցված լինել ԱԳՆ-ի հետ:
ԱԳՆ խոսնակի խոսքերով, հանդիպումը տեղի է ունեցել բազմակողմ հարթակում, որտեղ բազմաթիվ հանդիպումների հնարավորություն է եղել, սակայն Ռևազյանն արդեն ասել է, որ կոնկրետ հարցերի շուրջ քննարկումներ չեն եղել, դրա համար պետք է հիմնվել հենց Ռևազյանի պարզաբանման վրա: