Մեր ժամանակներում աշխարհի պետությունները մրցակցում են նոր ասպարեզներում, պետության հեղինակության երաշխիքը չափվում է զբոսաշրջության առաջընթացով։ Բոլորը փորձում են օգտագործել իրենց ունեցած և չունեցած ռեսուրսները, ի ցույց դնել սեփական ժառանգության բոլոր հնարավոր տարրերը կամ հորինել գոյություն չունեցող պատմություն։ Ես փորձառու ճամփորդ եմ․ սիրում եմ և՛ մշակութային, և՛ էքստրեմալ ուղևորություններ, սիրում եմ ուսումնասիրել օտար ժողովուրդներին, և, անշուշտ, բացահայտել իմ անհավանական բազմազան ու անհայտ Հայաստանը` ուր այսքան փոքր տարածության վրա անհամրելի բնական ու մարդակերտ ժառանգություն է թաքուն։
Մեր երկրում զբոսաշրջիկի այցը սահմանափակվում է մի քանի հիմնական ուղղությամբ, ու վերջին տարիներին արշավականների ջանքերով ակտիվացող նոր ուղղություններով, որոնք առավելապես բացահայտում են Հայաստանի վայրի բնությունը։ Մինդեռ կենցաղային և կիրառական մշակույթի, ճարտարապետության, և առավել ևս հնագիտությանն ուղղված մասնագիտացված տուրեր մեր երկրում քիչ են մշակվում։ Եվ՝ իզուր։
Հատկապես հարուստ պատմամշակութային ու բնական հուշարձաններով աչքի է ընկնում Սևանի հարավային ավազանը, որտեղ, սակայն, զբոսաշրջիկի համար գրավիչ պայմաններն այնքան էլ շատ չեն։
Սևանի ավազանը շատ հարուստ է բազմատեսակ հուշարձաններով։ Այդ տարածաշրջանում, որքանով ես եմ տեղյակ, 100-ից ավելի կիկլոպյան ամրոց կա։ Սա վկայում է այն մասին, թե ինչ հզոր տարածք է եղել Սևանի ավազանը մեզանից մոտ 3000 տարի առաջ: Այդ մասին են փաստում նաև ուրարտական սեպագիր արձանագրությունները, որոնք հասել են մեզ։ Այսպիսի կարևոր ու շշմեցնող տեղեկություն հաղորդեց մեր զրույցի ժամանակ հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն, ով արդեն 5 տարի է, ինչ հանդիսանում Սևանի ավազանի հարավ-արևելյան ափին՝ Արծվանիստ գյուղի «Օձաբերդ» կոչվող հնավայրի հնագիտական արշավախմբի ղեկավարը: Ըստ հնավայրի հյուսիս-արևմտյան քարաժայռերից մեկին թողնված սեպագիր արձանագրության, հուշարձանը հիմնել է ուրարտական հզոր արքա Ռուսա I-ը և այն անվանել «Տարերքի աստծո քաղաք»։

Օձաբերդ այցելողն անմիջապես կտեսնի ամրոցի 2 մետրանոց բարձրությամբ պարսպապատերը: Օձաբերդից կարելի է նայել Սևանա լճին և շարունակ զմայլվել: Բադալյանը նաև նշում է, որ եթե մենք նույնիսկ միայն բացենք այն հատվածները, որոնք պեղել, կոնսրվացրել և ամրակայել ենք այս հինգ տարվա ընթացքում, դրանց կողքին դնենք համապատասխան ցուցանակներ, դա արդեն մեծ քայլ կլինի, որպեսզի զբոսաշրջիկը համապարփակ տեղակատվություն և պատկերացում ստանա Օձաբերդի մասին։ Մյուս հանգամանքը, թե ինչու Օձաբերդը կարող է դառնալ պատմամշակութային ու զբոսաշրջային կենտրոն՝ Սևանի ավազանի այս տարածքում տուրիստների մեծ հոսք կա դեպի Նորատուս, և այս առումով Օձաբերդը կարող է դառնալ զբոսաշրջիկների համար հաջորդ կարևոր հանգրվանը : Հուշարձան կարող են այցելել Սևանի ավազանի մայրուղով դեպի Արցախ գնացող ճանապարհարդնորդներն ու բոլոր հետաքրքրասեր մարդիկ: Մյուս կողմից, զբոսաշրջիկները կարող են Օձաբերդ այցելել նաև Վարդենյաց լեռնանցքով։ Այս առումով, Օձաբերդը կարող է հաջորդ հանգրվան հանդիսանալ, օրինակ, Նորավանք այցելած զբոսաշրջիկների համար:
Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին դեպի Օձաբերդ զբոսաշրջիկների հոսքն ավելացել է, այնուամենայնիվ, նրանց թիվը չի կարելի շատ համարել: Իսկ ինչու՞ չեն այցելում։ Ինչու՞ են շրջանցում այս տարածաշրջանն, այն դեպքում, երբ Սևանա լիճը հանդիսանում է հայերիս համար կարևորագույն հանգստի գոտի, իսկ Սևանի հարավային ավազանում ջուրն անհամեմատ ավելի մաքուր է և ափերն ավելի հարմարավետ։ Բադալյանը նշում է. «Մեր հիմնական խնդիրը՝ ենթակառուցվածքներն են։ Արծվանիստ գյուղում, ամենուր, երբ շեղվում ես մայրուղուց՝ ճանապարհները սոսկալի վիճակում են, իսկ «Օձաբերդի» և Վանեվանք հասնելու համար պետք է գյուղ տանող, հատկապես Արծվանիստ մտնող հիմնական ճանապարհը բարվոք լինի, ցուցանակներ պետք է լինեն, հանսգտյան գոտիներ ստեղծվեն, մարդկանց հնարավորություն տրվի՝ իրենց դրսևորելու, այսինքն՝ պետք է զարգացման ծրագրեր իրականացնել։ «Օձաբերդի» տարածքում անպայման պետք է ցուցանակներ լինեն և՛ սեպագիր արձանագրության, և՛ պեղավայրերի մոտ, իհարկե, չվնասելով հնագիտական շերտերը։ Մեր երազանքն է՝ այնտեղ ունենալ թանգարան։ Դա ևս, կարծում եմ, կնպաստի տեղանքի և Օձաբերդի հանրահռչակմանը»։

Այստեղ, բացի «Օձաբերդից», անհաշվելի այլ տեսարժան վայրեր կան՝ Արծվանիստում է գտնվում Վանեվանքը՝ նշանավոր 9-րդ դարի եկեղեցի, այստեղ կան քարանձավներ՝ էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար, մեր մշակութային ժառանգության կարևոր տարրերից մեկը՝ հայկական ավանդական տունը՝ հազարաշեն տանիքով, որպիսիք բազմաթիվ են Արծվանիստում, Ծովինարում, հարակից մյուս գյուղերում։ Այս տները կարող են տուրիզմի մաս կազմել։ Զբոսաշրջիկը, գյուղը, գյուղի բնակիչը, բազմազան և բազմատեսակ հուշարձաններն ու տեղանքի լանդշաֆտը պետք է ներդաշնակվեն։ Արծվանիստում մի հսկա հազարաշենով տուն կա՝ սրբով, 9-րդ դարի խաչքարով։
Սա հայկական ճարտարապետության յուրօրինակ վկայություն է, որի վրա էլ կարող է հիմնվել հայկական ազգային զբոսաշրջության կարևոր ուղղություններից մեկը։ Սրան ներառենք նաև թոնիրը, թոնրում լավաշ ու հաց թխելը: Այստեղ տարածված է փուռը, որը տարածաշրջանի ավանդական ուտեստներից է. «Մեր արտասահմանցի գործընկերները հիանում ու զարմանում են և հաճույքով համտեսում են այդ փուռ կոչվածն, ու դա կարող է բրենդ դառնալ տարածաշրջանի համար։ Ինձ համար անզուգական համ ունի տարածաշրջանի գաթան: Բարեբախտաբար վերջին տարիներին կազմակերպվում է փառատոն, որը ներկայացնում է փուռը, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Այդպիսի փառատոնները կարող են տուրիստներ բերել տարածաշրջան։ Շատ կարևոր է զարգացնել էկո-տուրիզմը, ագրո-տուրիզմը, մշակութային տուրիզմը, արխեո-տուրիզմը, էքստրեմալ տուրիզմը: Չպետք է մոռանալ Սևանա լճի ափամերձ տարածքների մասին, որոնք կարող են դառնալ հանգստյան գոտիներ»:

Միքայելի հետ զրույցն ինձ ստիպեց նորից մեկնել Արծվանիստ, գտնել հազարաշենով տները, նկարել, նկարվել դրանց տեսարանին, ու ինձ հետ ուղևորության մեկնած մյուս զբոսաշրջիկներին ցույց տալ, թե ինչպիսի վայրեր ունենք՝ աչքից հեռու, որոնք կարող են բացառիկ տպավորություն գործել նույնիսկ աշխարհ տեսածների վրա։ Մեր ուղևորությունը կիսատ կլիներ, եթե սնվելու համար կանգ չառնեինք տեղացիների տներում ու մի բաժակ թեյի ակնկալիքով հայկական սեղանի շուրջ չըմբոշխնեինք ամենահամեղ պատառը, որը տանտիրուհիները պահում են հյուրերի համար։ Թերևս, վերջիններս մի բան պետք է սովորեն՝ գումար վերցնել զբոսաշրջիկից, ինչը որևէ կերպ չի տեղավորվում իրենց բարոյական գաղափարախոսության մեջ։
«Պեղումների 5 տարվա ընթացքում արդեն դարձել ենք «տեղի բնակիչ» ու մեզ հարազատ ենք զգում, շատ ենք ուզում, որ տարածաշրջանը զարգացում ապրի։ Մենք ամպագորգոռ բառեր չենք ասում, քանի որ «Օձաբերդն» ենք պեղում, և ուզում ենք հուշարձանը հանրահռչակել։ Ոչ միայն Օձաբերդի վրա պետք է կենտրոնանալ, այլ նաև համալիր ծրագիր անել, ու դրա համար էլ փորձում ենք մատնանշել, թե ինչ պոտենցիալ ունի տարածաշրջանը: Եթե ստեղծվեն ենթակառուցվածքներ, իրականացվեն որոշակի ծրագրեր՝ ի դեմս Արծվանիստ ու Ծովինար գյուղերի, տարածաշրջանը կդառնա շատ կարևոր զբոսաշրջային կենտրոն»։ Միքայելի այս խոսքերի ապացույցն իմ ուղևորության արդյունքն էր՝ հայոց բնաշխարհի՝ իրենց անծանոթ տեսարաններով հիացած, հայոց մշակույթի՝ իրենց անհայտ կողմերը բացահայտած մարդկանց զարմանքը, ոգևորությունը, նորից այստեղ վերադառնալու ցանկությունն ու նրանց մտորումներն այն մասին, թե ինչպես աջակցեն տարածաշրջանի զարգացմանը։ Հայաստանը փոքր է, բայց ամեն քարի ետևում, ամեն ծառի տակ մի կարևոր գանձ կա։ Բացահայտենք միասին այդ գանձերը։
Կարինե Փանոսյան