Հասարակություն 

Երևանը մանսարդների քաղաք դարձնելու բաղձալի երազանքը

analitik.am

Բոլոր ժամանակներում քաղաքամայր Երևանի անկոտրում ուղեկիցը քաղաքաշինական բարենպաստ միջավայրի ձևավորումն ու ներդաշնակ կառուցապատման և հարմարավետ քաղաքային միջավայրի ստեղծման դժվարին գործն է, ինչու չէ, նաև բաղձալի երազանքը: Սակայն, մշտապես առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումները դեռևս սպասում են իրենց «աստեղային ժամին»: Այդ ժամերը հաճախ վերածվում են օրերի, ամիսների ու տարիների և այդպես շարունակ՝ չգտնելով իրենց վերջնական լուծումը, ինչի արդյունքում դրանք դառնում են բարի ու գեղեցիկ երազանքներ…

Մի կողմ թողնելով հարցի լիրիկական մասը՝ անդրադարձ կատարենք Երևանի քաղաքաշինական միջավայրի բարելավման մի քանի հիմնահարցերին, որոնց մասին վերջին օրերին խոսվեց քաղաքային իշխանությունների լիազոր պաշտոնյաների կողմից՝ մասնավորապես լուսաբանելով մետրոյի նոր կայարանի կառուցման, շենքերի տանիքները մանսարդային հարկերի վերածելու և տրանսպորտային արդյունավետ նոր միջոցներ ներդնելու նոր տեսլականը:

Որքան էլ փորձենք ինքներս մեզ համոզել, որ Աջափնյակի մետրոյի կայարանի թունելը գրեթե կառուցված է և մնացել է կառուցել միայն Հրազդանի կիրճի կամուրջն ու կայարանը, միևնույն է, բազմաթիվ հարցեր են առաջանում: Չդիտարկելով հարցի մաթեմատիկական հաշվարկների մանրուքները (չնայած դա էլ է կարևոր)՝ միայն նշենք, որ քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ առնվազն 200 միլիոն ԱՄՆ դոլար է անհրաժեշտ մետրոյի կայարանի կառուցման համար, հետո պարզվեց, որ կան մեկ-երկու ներդրողներ, որոնք պատրաստ են ինչ-որ 20 միլիոն ԱՄՆ դոլարով կառուցել մետրոյի կայարանը՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի հետ միաժամանակ, ինչում չի բացառվում նաև պետության մասնակցությունն ու միջազգային ֆինանսական ռեսուրսների ներգրավումը: Չնսեմացնելով այս հայտարարությունների բարի նպատակները՝ պետք է փաստել, որ այս փուլում համոզիչ չեն ծրագրի իրականացման  ներկայացված քայլերը և դրանց կարելի էր անդրադառնալ գոնե կառուցապատման ամբողջ ծրագրի նախագծային փաստաթղթերը մշակելուց, հաստատելուց և դրա ֆինանսական գնահատականը ստանալուց հետո, ինչը, համաձայն հարգարժան պարոն Մեսչյանի, կիրականացվի 2019-2020 թվականներին, իսկ թե ե՞րբ հնարավոր կլինի մետրոյով հասնել Աջափնյակ,  դեռ պարզ չէ: Մնում է համոզվել, որ Աջափնյակի մետրոյի կառուցման ծրագիրը չի սահմանափակվի ու ավարտվի միայն նախատեսվող բիզնես կենտրոնի կառուցմամբ, ինչը կբավարարի միայն ներդրողի շահերը, այլ ոչ թե երևանցիների:

Անցկացնելով զուգահեռներ մետրոյի նոր կայարանի հետ՝ խոսվեց նաև Նոր Նորքը քաղաքի կենտրոնի հետ կապող ժամանակակից ճոպանուղու կառուցման, դրա հարմարավետության, «տրասպորտային էֆեկտների» ու ուղևորահոսքերի բեռնաթափման  մասին, սակայն չներկայացվեցին դրանց չափելի ցուցանիշներն ու հաշվարկները, որոնք ենթադրաբար պետք է արդեն պարզ լինեյին քաղաքային իշխանությանը ու համադրված Երևան քաղաքի տրանսպորտային նոր ցանցի ստեղծվելիք համարժեք ցուցանիշներին: Այստեղ նույնպես առաջ են գալիս հարցեր, որոնք դառնում են մտահոգիչ ու էլի վերածվում բարի երազանքների:

Ինչ խոսք, Երևանը երբևէ չի փայլել իր շենքերի, այսպես կոչված, «հինգերորդ ճակատով», ինչի կարգավորումը նույնպես կարևոր է թե՛ քաղաքաշինական, թե՛ճարտարապետական, թե՛ տանիքների հուսալի շահագործման տեսանկյուններից: Շենքերի տանիքները նախատեսվող այլ մասնավոր կազմակերպությունների կողմից մանսարդային հարկերի վերածելու կառուցապատման ձևաչափի արդյունքում՝ «քաղաքի գեղեցիկ տեսքը վերևից ապահովելու», «միլիարդավոր դրամների գույքահարկի եկամուտ ստեղծելու» և «քաղաքային բյուջեից հարյուր միլիոնավոր դրամների ծախսեր տնտեսելու» ականջահաճո ցանկությունները նույնպես պահանջում են տնտեսագիտական ու քաղաքաշինական խորը վերլուծություններ, քանի որ նախ խոսքը գնում է ֆինանսական միջոցներ տնտեսելու և լրացուցիչ գումարներ Երևանի բյուջե մուտքագրելու մասին, իսկ փողը՝ որպես տնտեսագիտական կատեգորիա, բոլոր դեպքերում պահանջում է հաշվարկ ու հստակ թվեր: Երկրորդ՝ այդպիսի լայնածավալ ու համընդհանուր քաղաքաշինական ծրագիրը կարող է իրականացվել բացառապես Երևանի բնակիչների համաձայնությամբ, որը, օրինակ, կարող է իրագործվել տեղական հանրաքվեի անցկացմամբ (տվյալ շենքի համասեփականատերերի համաձայնությամբ)՝ առավել ևս, եթե խոսվում է բազմաբնակարան շենքերի մասին, որոնց սեփականատերերը (այդ թվում տանիքների) օրենսդրությամբ հանդիսանում են շենքի բնակիչները, այլ ոչ թե քաղաքային իշխանությունը: Ավելին`համաձայն ձևավորված ավանդույթի, ցանկացած բնակելի շենքի տանիքի ընթացիկ շահագործումն ու պահպանությունը հիմնականում իրականացնում են այդ շենքի վերջին հարկի բնակիչները, և զուտ բարոյական տեսանկյունից այդ բնակիչները չեն հանդուրժի, որ իրենց բնակարանի գլխավերևում ինչ-որ այլ օտար անձ բնակարան կառուցի, բիզնես իրականացնի ու հարստանա:

Մեր կարծիքով, Երևանի քաղաքային իշխանությունը մի բան պետք է հաշվի առնի, որ քաղաքային տնտեսության զարգացման միջոցառումներն իր բնակիչների համար համոզիչ ու հուսադրող կարող են լինել միայն, եթե դրանք չեն խախտում համայնքի բնակիչների օրինական շահերը, ունեն հստակ հաշվարկներ, իրականացման ժամկետներ ու հստակ ակնկալվող արդյունքներ, հակառակ դեպքում՝ դրանք դառնում են նախկինում ընթերցված դասագրքի կրկնություն: Այն, որ սեյսմիկ առումով Երևանի բնակելի ֆոնդն ունի շահագործման բարձր ռիսկայնություն, իսկ Աջափնյակին մետրոյի կայարան է անհրաժեշտ, դրա մասին երևանցիները գիտեին դեռևս նախորդ դարի 80-ական թվականներից: Այն, որ Երևան քաղաքի տրանսպորտային ցանցը լիարժեք չի բավարարում ուղևորների պահանջներին, արդեն պարզ դարձավ 90-ական թվականներից, սակայն չունեցան դրանց իրականացման վերջնական լուծումներ:

Ցավալի է, որ Նոր Հայաստանում, կրկին խոսելով դրանց իրագործման գաղափարների մասին՝ ստեղծվում է կարծիք, որ այդ ծրագրերի իրականացման միակ չափելի ցուցանիշը երևանցու՝ ևս մի քանի տարի սպասելու, համբերատարության ու բարության  ցուցիչն է:

«ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԿ

 

Նույն շարքից