Հասարակություն 

Քիթը տնկած Ճանճը ասաց...

analitik.am

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր պաշտոնական բարձունքից «շնորհ է արել» «ջախջախել» Հայաստանի հիմնի փոփոխության հետ կապված իմ քննադատությունը:

Նույն, պաշտոնական բարձր դիրքից, նա ինքնավստահ «ճշմարտություններ» է շաղ տալիս, իր գիտելիքները ներկայացնում երաժշտության բնագավառից։ Այսպես․ «Իսկ գիտի՞ արդյոք Ավետիք Իշխանյանը, որ Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ զետեղված է 7-րդ դարից եկող շարական, որը ոչ միայն իմ պապերը, այլև նաև իր պապի պապերը աղոթել են, պետականություն պահպանել և վերջ ի վերջո մեր հավատքը մեզ կօգնի և կպահպանի»:

Պարոն Սիմոնյանը երաժշտագիտական կրթություն կարծես չունի, թե՞ 1995-96 խաղալով Կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում համարում է, որ դա բավական է երաժշտագիտական մտավարժանքների համար և կարող է Խաչատրյանի հեղինակած ՀԽՍՀ հիմնում հայտնաբերել միջնադարյան շարականի մեղեդիներ։ Իսկ իրականում Խաչատրյանի հիմնում օգտագործված է նրա իսկ հեղինակած «Գայանե» բալետի հերոսական հատվածներից մեկը։

Նախ, դժվար է պատկերացնել, որ կոմունիստա-աթեիստական շրջանում, եթե նույնիսկ Արամ Խաչատրյանի մտքով անցներ օգտագործել քրիստոնեական շարականների մեղեդիներ, ամենակարող գրաքննությունն այդ թույլ կտար։ Երկրորդ․ ըստ պարոն Սիմոնյանի, արդյո՞ք շարականներն իրենցից ներկայացնում են հերոսական քայլերթերի մեղեդիներ։ Եթե այո, թող մեկ, ցանկալի է հենց նույն հիմնի նախաշարականի օրինակը բերել։ Ի դեպ, պարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում դիմում է նաև կեղծիքի․ «Ավետիք Իշխանյանին զայրացնում է, որ Ա․Խաչատրյանի երաժշտության մեջ եկեղեցական շարական կա, ինձ փորձում է ծաղրել, դե պարզ է, անհավատ մարդ է»։

Իմ քննադատության մեջ այպիսի մտքեր չեք գտնի։ Ի գիտություն պարոն Սիմոնյանի, 7-րդ դարում մենք պետություն չունեինք, ուստի չէինք կարող աղոթել նրա պահպանման համար։ Իսկ ինչ վերաբերում է որ «մեր  հավատքը մեզ կօգնի և կպահպանի», ապա արդեն լինելով պետական այր, պարոն Սիմոնյանը պետք է հասկանա, որ Հայաստանի պահպանման և հզորացման համար պետք է ոչ թե աղոթել, այլ աշխատել և հզորացնել պետական կառույցները։ Թե՞ ԱԺ փոխխոսնակները բոլորը պետք է կղերական մտածողություն ունենան (ականջդ կանչի Էդուարդ Շարմազանով)։

Այնուհետև պարոն Սիմոնյանը շարունակում է։ «Իսկ Ավետիք Իշխանյանը գիտի, թե՞ ուզում էր իմ անվան շնորհիվ ինքնահաստատվել և վերադարձնել իր անունը, քննարկման մեջ դնել և հիշեցնել ևս մեկ անգամ իր մասին։ Կարծում եմ, որ՝ ոչ։ Կարող եմ ասել պարոն Իշխանյանին, որ իր մոտ ստացվեց իմ անունի շնորհիվ ևս մեկ անգամ հայտնվել լրատվական դաշտում․․․ Ի՞նչ ունեմ ես ինքնահաստատվելու։ Ես Հայաստանի Հանրապետությունում տաս տարի շարունակ հրապարակային գործունեություն եմ ծավալում և, ներեցեք որևէ ինքնահաստատվելու խնդիր չունեմ, ոչ էլ պատմության մեջ մնալու խնդիր ունեմ, որովհետև ես արդեն մնացել եմ պատմության մեջ որպես մարդ, որը թավշյա հեղափոխության կազմակերպիչներից և մասնակիցներից մեկն է եղել»:

Առայժմ մի կողմ թողնենք, պարոն Սիմոնյանի իր անձի նկատմամբ պաշտամունքի հասնող ինքնասիրահարվածությունը։ Հավանաբար, շուտով պարոն Սիմոնյանն, ինչպես ևս մի քանի հայաստանյան քաղաքական գործիչներ, իր մասին կխոսի երրորդ դեմքով։ Նա պնդում է, որ տաս տարի հրապարակային գործունեություն է ծավալել։ Հավանաբար, իր իսկ կողմից կազմված ինքնակենսագրականում, բացի հատ ու կենտ գրառումներից, չգտա ոչ մի հրապարակախոսական հոդված, վերլուծություն և, վերջապես, որևէ դարակազմիկ միտք։ Բայց նա արդեն իրեն դափնիների վրա է զգում. Я памятник себе воздвиг нерукотворный, (Ա Պուշկին) որպես «թավշյա հեղափոխության» կազմակերպիչ և մասնակից և համոզված է, որ իր անունը գրվելու է հայոց պատմության մեջ: Իսկ իրականում «Քիթը տնկած Ճանճը ասաց.- Մենք որտեղի՞ց.Վարում էինք, Վարատեղից»:(Աթաբեկ Խնկոյան)։

Իսկ լրագրողի վերջին հարցին, թե՞ արդյոք հիմնի նոր տեքստում ամրագրվելու են «թավշյա հեղափոխության» խորհրդանիշները, պարոն Սիմոնյանն արդեն ոչ թե հերքում կամ հաստատում է այս վարկածը, այլ ինձ անձամբ վիրավորում․․․․ «Ես առաջարկում եմ նման վարկածներ լուրջ մտածողներին դիմել բժիշկների»:

Հետևելով Հակոբ Պարոնյանին՝ «Հայհոյանքը փաստի սով է» խոսքին, պարոն փոխխոսնակին չեմ հակադարձի, բայց հաշվի առնելով,որ ըստ Սիմոնյանի, որ «Ղարաբաղ» կոմիտեն մոռացվել է․ իսկ «թավշյա հեղափոխությունը» հաղթարշավում, ուստի․․․

Հ․Գ․ Լև Տոլստոյը հետաքրքիր բանաձև է առաջարկում․ «Մարդը կոտորակ է։ Սեփական գնահատականը իր անձի մասին կոտորակի հայտարարն է»:

Ավետիք Իշխանյան

Առավոտ

Նույն շարքից