Հասարակություն 

Չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի, ամեն րոպե, պատրաստ չլինենք պատերազմի

Հայրենատե՛ր  Հայեր

«Խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստ եղի՛ր պատերազմի» հայտնի պատգամն առավել շատ վերաբերում է այն ազգերին ու պետություններին, որոնք շրջապատված են դարավոր թշնամի հարևան ազգերով ու պետություններով, կամ «… ատյացներով»: Բնականաբար, այս հայտնի պատգամն ուղղակիորեն վերաբերում է  նաև արարչագործ հայ ազգին, Հայաստանին ու Արցախին:

Ինչո՞ւ և ինչի՞ համար են պատերազմները. բացառապես հողի՝ սուրբ հողի, պահպանության և այդ հողն արարող մարդու անվտանգությունն ապահովելու համար: Արարչի կողմից ստեղծված հայ ազգը, Հայկ Նահապետից մինչ օրս, բազմահազար հայորդիների արյան գնով, միշտ պաշտպանել և պաշտպանելու է հայկական բարձրավանդակը բոլոր տեսակի թշնամիների ոտնձգություններից:

Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում ամփոփված են  Արցախի և Հայաստանի պաշտպանության համար մարտիրոսված բազմահազար հայորդիների աճյունները: Եվ, նահատակված քաջորդաց զավակների որբանալը բացառապես մեկ մխիթարություն ունի՝ հայոց սուրբ հողի պաշտպանությունը, որն առաքելություն է յուրաքանչյուր հայի համար:

Հայկական բարձրավանդակում և բարձրավանդակից դուրս բնակվող, ողջ հայ ժողովուրդն, իր իշխանության հետ միասին, իր սին, կեղծ,  պայմանական խաղաղության համար չի կարող և իրավունք չունի որոշում կայացնել հայոց սուրբ հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու, պաշտպանել-չպաշտպանելու վերաբերյալ:

Իրոք, հողը սուրբ է և մնայուն, իսկ մարդը՝  մահկանացու, և ոչ մի մահկանացու իրավունք չունի իր ապուպապերի քրտնաջան աշխատանքի արդյունքում պահպանած, իր եղբայրների և քույրերի արյան գնով պաշտպանած և ազատագրած հայոց սուրբ հողը դարձնելու քննարկման առարկա:

Հայ ժողովուրդն ու իր իշխանությունը կարող են որոշումներ կայացնել ցանկացած հարցի, բայց ոչ երբեք հայոց սուրբ հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու վերաբերյալ: Դա նույնն է, որ քննարկես և որոշում կայացնես ազգիդ, ընտանիքիդ, ծնողներիդ և զավակներիդ լինելության կամ չլինելության վերաբերյալ:

Հիմա կհարցնեք, թե Ադրբեջանին առանց հողեր զիջելու, ինչպե՞ս ենք լուծելու մեր խաղաղությունը, չէ՞ որ մենք արյուն և զոհեր չենք ուզում, մենք ուզում ենք խաղաղ ապրել։

Միանգամից պատասխանեմ. չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի, ամեն րոպե, պատրաստ չլինենք պատերազմի:

Չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի յուրաքանչյուր ակնթարթ պատրաստ չենք մեռնելու հանուն Հայաստանի, Արցախի և ողջ հայության  անվտանգության պահպանության:

Չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի, ամեն րոպե ներդրում չունենանք հայոց ազգային բանակի անընդհատ հզորացման գործում:

Երբեք մի՛ վախեցեք արյունից և զոհերից, եթե այդ արյունն ու զոհերը հանուն հայ ազգի և Հայոց Տան պաշտպանության են։

Երբե՛ք, լսո՞ւմ եք, հա՛յ ժողովուրդ, Հայաստանի իշխանությո՛ւն, ո՛չ մեկդ, երբե՛ք իրավունք չունեք անգամ քննարկելու հայոց սուրբ հողի ճակատագիրը, քանզի գոյություն ունի մեկ ճշմարիտ ուղի և առաքելություն. միշտ  պատրաստ լինել մեռնելու հանուն հայոց սուրբ հողի և հայ ազգի պաշտպանության:

Հայաստանի ցանկացած իշխանության և հայ ժողովրդի կողմից հանցագործությո՛ւն և պետական դավաճանությո՛ւն են նույնիսկ Արցախի ազատագրված տարածքների հանձնման վերաբերյալ քննարկումները:

Արցախը  Հայաստա՛ն է, և վե՛րջ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան

 

 

Նույն շարքից