Հասարակություն 

Իսկ միգուցե շարք կանգնա՞ծ սկսենք լրատվություն տալ. Պատասխան Էդուարդ Աղաջանյանին

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, գրում է.

Այսօր հարգելի Eduard Aghajanyanը այս ֆեյբուքյան գրառմամբ մեր եթերում տեղ գտած մի տեսանյութի եւ դրան կցված մի գրառմամբ ակնարկել է «պատվերի» կատարման մասին, ու իբր նրա՝ կոռուպցիայով զբաղվելու ակնարկ եմ արել։ Իրականում հարցեր ենք հնչեցրել կառավարության գնումների գործընթացի մասին, երբ ամիսներ շարունակ բազում միջոցառումներ կազմակերպելը մեկ անձից գնումների ձեւով վստահվել է նույն ընկերությանը։ Դրան մանրամասնորեն կանդրադառնամ այս կիրակի՝ իմ հեղինակային հաղորդման ժամանակ։

Հիմա՝ «պատվեր» կատարելու մասին։ Թերեւս կառավարության աթոռներից է. ով նստում է դրանց վրա, ցանկացած լրագրողական քննադատության հիմքը տեսնում է իբր պատվեր կատարելը։ Կից ներկայացրել եմ մի քանի հատվածներ իմ հաղորդումներից 2014, 2015, 2016 թվականներին, երբ բոլոր դեպքերում էլ քննադատությանս թիրախում եղել են կառավարությունները, այդ օրերի վարչապետներ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, ովքեր եւս մեղադրում էին «պատվեր» կատարելու մեջ։ Սերժ Սարգսյանն էլ մի հարցազրույցում մեղադրեց ինձ «գաղջ» մթնոլորտ սերմանելու մեջ։ Ի դեպ, եթե հետաքննությամբ զբաղվելը շատ է զարմացրել կառավարության աշխատակազմի ղեկավարին, ապա լավ կլինի իր ենթակայության տակ եղած ՊՈԱԿ-ին հանձնարարի մեր եթերում տարբեր տարիներին եղած նման հաղորդումների նմուշներ ստանա ու դիտի, այդ թվում՝ իր հարգած Hetq.am-ի հետ։ Վերջապես, լավ չի հասկացվում «մեդիա բեսպրեդել» արտահայտության իմաստը։ «Բեսպրեդելն» ուզում են վերացնե՞լ։ Իսկ միգուցե շարք կանգնա՞ծ սկսենք լրատվություն տալ, կամ կառավարության լրատվականի նյութե՞րը միայն կարդանք։ ՄԻՄԻԱՅՆ պաշտոնակա՞ն լրատվությունը, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ամեն տեղ «պատվեր» չփնտրի։

Իսկ նվաստիս լրագրողական ունակությունների մասին դատողություններ անելուց առաջ ավելի լավ է լսեր իմ շատ գործընկերների ու հատկապես՝ հազարավոր հեռուստադիտողներիս կարծիքը։ Նրանք կառավարական աթոռների նստած չեն, որ միշտ «պատվեր» փնտրեն։

ՀԳ ի դեպ, հրապարակածս նյութերից մեկում Սիսիան-Գորիս մայրուղու անմխիթար, խայտառակ վիճակի մասին նյութի հեղինակ, Սյունիքում մեր թղթակից Srbuhy Grigoryanը այժմ Ազգային Ժողովի պատգամավոր է, ու շարունակում է նույն խնդիրը արդեն Խորհրդարանի դահլիճում բարձրաձայնել։

 

Նույն շարքից