Իրավիճակը ծայրահեղ լարվել է: Այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությանը և հավելելով, որ սա դատարանի նկատմամբ բիրտ ճնշում է:
Ալումյանը նշեց, որ Հայկ Սարգսյանը, լինելով իշխանական պատգամավոր, կոպտորեն խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը՝ վերջինիս մեղադրելով հանցագործությունների մեջ, որոնց մասին նույնիսկ ՀՔԾ-ի մեղադրանքում չկա:
Քոչարյանի պաշտպանը նաև Սարգսյանին մեղադրեց Սահամանդրական կարգը տապալելու փորձի մեջ՝ կոչ անելով ՀՀ նախագահին կատարել Սահմանդրությամբ իր վրա դրված պարտավորությունը՝ ապահովել Սահմանադրական կարգը:
Ալումյանը նաև կոչ արեց իրավապահներին թույլ չտալ, որպեսզի այդ հավաքը տեղի ունենա: Նա դիմեց նաև վարչապետ Փաշինյանին, որպեսզի վերջինս գոնե վերջին պահին կանխի այն, ինչը Հայկ Սարգսյանը նշել է իր հայտարարության մեջ:
Ալումյանը դիմեց նաև ԲԴԽ-ի ղեկավար Գագիկ Հարությունյանին, որպեսզի վերջինս քայլեր ձեռնարկի ու կատարի իր պարտավորությունները՝ պաշտպանելով դատավորներին:
Փաստաբանը դիմեց Հայաստանում աշխատող միջազգային կազմակերպություններին ևս՝ կոչ անելով հետևել Հայաստանում ծավալվող իրադարձություններին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Սարգսյանը կոչ է արել բոլորին հավաքվել Քոչարյանի գործը քննող դատարանի մոտ: Նա ավելի ուշ ջնջել էր գրառումը և կիսվել այլ ֆեյսբուքյան էջի գրառմամբ, որն ունի նույն բովնադակությունը: