Իրավական Վերլուծական 

Ցավում եմ, բայց Սահմանադրության օրը մենք նշում ենք հակասահմանադրական քայլեր անելու նկատվող ցանկությամբ. Էլինար Վարդանյան

analitik.am

Սահմանադրության օրը մենք դիմավորում ենք արհեստականորեն ստեղծված խնդրով, որը մամուլը և քաղաքական դաշտը կոչում են ՍԴ շուրջ ստեղծված վիճակ։

Իրականում Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները անհիմն են և հորինված են բոլորովին այլ նպատակներով: Չկա ՍԴ ճգնաժամ, դա հորինվել է քաղաքական մոտիվացիայով։ Եվ եթե հաղթի այդ գիծը, ապա հանգեցնելու է իրավական նիհիլիզմի և անկանխատեսելի ցնցումների:

Սահմանադրությունը երկրի գլխավոր օրենքն է, և մենք պարտավոր ենք այն հարգել, հետևել սահմանադրության դրույթներին: Դրանով է նաև բնորոշվում իրավական պետությունը:

Սահմանադրության գերակայության ապահովումը սահմանադրական արդարադատության միջոցով իրականացնում է Սահմանադրական դատարանը, հետևաբար Սահմանադրական դատարանի անկախության երաշխավորումը մեր պետության գերխնդիրը պետք է լինի: Չի կարելի այն վերածել քաղաքական կցորդի, դարձնել քաղաքական շահարկումների առարկա:

Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ՍԴ կողմից որոշումներ ընդունելու կարողությունը չի կարող կախված լինել որևէ այլ պետական մարմնից կամ պաշտոնատար անձից: ՍԴ լեգիտիմությունը չի կարող կախված լինել քաղաքական իշխանությունից, նույնիսկ բարձր վարկանիշով ղեկավարներից, նույնիսկ այս պահի հանրային ընկալումներից:

Ցավում եմ, բայց Սահմանադրության օրը մենք նշում ենք հակասահմանադրական քայլեր անելու նկատվող ցանկությամբ։ Թույլ տալ սա, նշանակում է թույլ տալ հաջորդ վտանգավոր զարգացումները։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ

Նույն շարքից