Իրավական Տեսանյութեր 

Պետության հետ վերջնագրերով խոսելն անթույլատրելի է. Օսիպյանը՝ Տավուշի դեպքերի մասին /տեսանյութ/

Հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին:

Արմեն Գասպարյանը ոստիկանության համակարգում ծառայում է շուրջ 23 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև մարզային վարչության պետ: Մինչ այս, զբաղեցնում էր ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը:

ՀՀ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին ծառայության համար և վստահեցրեց, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության անձնակազմը Արմեն Գասպարյանի ղեկավարությամբ էլ ավելի սրտացավ ու բարեխիղճ ծառայություն կիրականացնի:

Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրեց, որ վարչության անձնակազմը իր առջև դրված ցանկացած խնդիր կլուծի պատվով ու բարձր պատասխանատվությամբ:

Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև վերջերս Տավուշում տեղի ունեցած դեպքերին: Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պետության հետ վերջնագրերով խոսելն անթույլատրելի է: Իսկ ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին՝ ապա ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, և բոլոր այն անձինք, որոնք կզբաղվեն ապօրինի ծառահատումներով, հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության:

Ելույթ ունեցավ նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը բարեխիղճ ծառայության համար և պատրաստակամություն հայտնեց միասին պայքարելու հակաօրինական դրսևորումների դեմ:

Քննարկվեցին ոստիկանության Տավուշի մարզային վարչության գործառույթներին վերաբերող այլ հարցեր ևս:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից