Մենք ֆինանսական խնդիրներ չունենք, ուղղակի հայրս ասաց, որ կցանկանար իր միջոցներով հոգար իր ծախսերը: Դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված դատախազության բողոքի մասով: Դատարանը չբավարարեց դատախազության բողոքը:
Հարցին, թե հիմա ում միջոցներով է Քոչարյանը հոգում դատական ծախսերը՝ Լևոնն ասաց, որ չգիտի:
Խոսելով այսօրվա որոշման մասին՝ Լևոնն ասաց, որ իրենց կարծիքով օրինաչափ որոշում է կայացվել. «Դուք էլ տեսաք, նիստի ընթացքում պարզ դարձան թույլ տրված ապօրինությունները, քննիչի փնթի աշխատանքը և դատախազների փնթի վերահսկողությունը: Երբ մեկ տարի առաջ մենք խոսում էինք այդ մասին, ինչ-որ մարդիկ լավ չէին պատկերացնում, իսկ այսօր ապօրինությունների շարքը պարզ է դառնում»: