Իրավական Տեսանյութեր 

Խոշոր ավար. Արարատի մարզում ոստիկանները կանեփի շուրջ 22 հազար թուփ են հայտնաբերել/տեսանյութ/

analitik.am

Հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է հայտնաբերել բնակչության կողմից ապօրինի աճեցված կանեփի եւ կակաչի բույսերը, ինչպես եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր բացահայտել, կանխել ու խափանել:

Ոստիկանությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները Սուրենավան գյուղի տներից մեկում եւ կից կիսակառույցում կատարած զննությամբ հայտնաբերել են ապօրինի աճեցված ու մշակված կանեփի 61 բույս: Օգոստոսի 5-ին ոստիկանները Արարատ գյուղի բնակիչներից մեկի տնամերձ հողամասում հայտնաբերել են ապօրինի աճեցված կանեփի 9-ը բույս: Հաջորդ օրն էլ Տափերական գյուղի մի բնակչի դաշտում են իրավապահները կանեփի 17 բույս հայտնաբերել:

Օգոստոսի 8-ին Արարատ քաղաքում, Նոր ուղի, Սուրենավան եւ Արարատ գյուղերի տարբեր տներում եւ կից հողատարածքներում կատարված զննությամբ ոստիկանները հայտնաբերել են ընդհանուր թվով մոտ 20 հազար 70 կանեփանման բույս:

Օգոստոսի 7-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ստացված տեղեկություններն իրացնելով` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողները Գետափնյա գյուղի բնակիչներից մեկի տանը եւ տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերել են կանեփի 1470 բույս եւ 246 գրամ ընդհանուր քաշով չորացված-մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված: 48-ամյա տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, մշակել է իր օգտագործման համար:

Օգոստոսի 15-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյաներն իրացնելով, զննություն են կատարել Դալար գյուղի տներից մեկի բակում եւ կից հողամասում: Հայտնաբերվել է կանեփի 9 բույս եւ կանեփանման բույսի 5 չորացված ճյուղեր: 62-ամյա տանտերը բերման է ենթակվել ոստիկանության Արտաշատի բաժին:

Նշված բոլոր դեպքերով հայտնաբերված ապօրինի թմրանյութերն առգրավվել են:

Նշանակվել են փորձաքննություններ:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են:

Նույն շարքից