Հասարակություն Սպորտ 

Լևոն Ջուլֆալակյանը նեղացած է հեռանում, բայց ոչ հավաքականից

analitik.am

 

Հավաքականից նեղացած չեմ, նեղացած եմ մարդկանցից, ովքեր անցած ճանապարհը մոռանում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, ով հեռանում է հավաքականից:

«Շեքսպիրը լավ խոսքեր ունի՝ անշնորհակալ մարդուց դաժան միայն հրեշը կարող է լինել: Ես չեմ կարող ընդունել անշնորհակալ մարդկանց: Իսկ հավաքականում կան մարզիկներ, ովքեր ինձ սիրում ու հարգում են: Ես միշտ կփորձեմ թեկուզ կողքից օգտակար լինել նրանց: Ես երբեք վրեժխնդրությամբ չեմ լցվում, սակայն համոզված եմ, որ ամեն մեկն իր արածի պատասխանը կստանա: Աստված ամեն մարդուն իր արածի պատասխանը կտա: Ես հեռանում եմ բավարարված, որովհետև արել եմ այն, ինչ կարողացել եմ, լրիվ տրվել եմ իմ գործին, ու դրա համար նեղված չեմ, քանի որ արդյունքներ եմ տվել ու ուրախացրել մեր ժողովրդին»,-ասաց Ջուլֆալակյանը:

Ավելի վաղ ավագ Ջուլֆալակյանը հայտնել էր, որ հավաքականում դավադրություն կա իր դեմ, դրա համար հեռանում է:

Հարցին, թե հնարավոր չի եղել արդյո՞ք լռեցնել դավադրություն անողներին, հավաքականից հեռացող գլխավոր մարզիչն ասաց՝ հնարավոր էր, սակայն ինքը չէր կարող աշխատել նման մթնոլորտում աշխատել:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք ավելի ուշ վերադառնա, Ջուլֆալակյանը ասաց, որ առաջիկա մեկ տարվա մեջ բացառում է, հետո՝ ժամանակը ցույց կտա:

 

Նույն շարքից