Նախագծի համազեկուցող Իմ քայլի պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանում զոհերի 80 տոկոս և ավելին գրանցվում են լավ բարեկարգված և արագընթաց ճանապարհներին` Երևան-Սևան ճանապարհ, Արշակունյան պողոտա, Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մյասնիկյան պողոտա. «Ծերեթելիի փողոցը, երբ դեռ վերանորոգված չէր ու գտնվում էր շատ անբարվոք վիճակում, մենք այնտեղ երկու տարի զոհ չունեինք, իսկ բարեկարգվելուց հետո զոհեր ունենք: Զոհերի 30 տոկոսից ավելին լինում են արագությունը գերազանցելու արդյունքում: Ասեմ ավելին` այն տարիներին, երբ սաստիկ ձմեռ է եղել, զոհերի թիվն ավելի փոքր է եղել: Դա պայմանավորված է ճանապարհների վատ անցանելիության պատճառով»:
Խաչատրյանն ասաց, որ օրենքի թիրախ են նաև նրանք, ովքեր հարյուրավոր խախտումներ են անում. «Ի՞նչ կապ ունի ճանապարհի վատ վիճակը, եթե մենք վարորդ ունենք, ով 4 տարվա մեջ կատարել է 4200 խախտում` միայն տեսախցիկներով, և չի վճարում տուգանքները, որովհետև գույք ու համապատասխան միջոցներ չունի: Նա վճարելու բան չունի, մեքենան իր անունով չէ, մտածելու բան չունի: Նման բազմաթիվ վարորդներ կան»: