Խորհրդարանը քննարկում է օրենքի նախագիծ, որը թույլ կտա քաղաքացիներին նկարել կարգազանց վարորդներին և խախտումներն ուղարկել համապատասխան մարմնին:
Նախագծի հիմնական զեկուցող Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ամփոփիչ խոսքում հիշեց մի տատիկի հետ հանդիպում, ով խնդրել էր անել այնպես, որ արագաչափերն ավելի շատ լինեն. «Երբ ես ցանկացա իմանալ, թե ինչու է տատիկը նման խնդրանքով դիմում, նա ասաց՝ եթե մի երկու արագաչափ ավելի լիներ, որդին հիմա ողջ կլիներ»:
Իմ քայլի պատգամավորը նշեց, որ օրենքի նախագիծն առաջին հերթին հենց կարգազանց վարորդների համար է. «Այս ամեն ինչի արդյունքում դուք չեք թշնամանալու ձեր հարևանների, բարեկամների հետ, դուք դառնալու եք օրինապահ վարորդներ»:
Ինչ վերաբերում է «գործ տալու» վերաբերյալ հայտարարություններին (ԲՀԿ-ականները քննադատեցին օրենքի նախագիծը` չկիրառելով «գարծ տալ» եզրույթը), Գաբրիելյանը հիշեցրեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած նախագծի մասին` կոչ անելով դեմ քվեարկել դրան, քանի որ այդ տրամաբանությամբ, որևէ մեկը չի գնա ու համապատասխան մարմնին հայտնի նման վերաբերմունքի մասին. «Ես մեծացել եմ մի տեղ, որտեղ հանցագործների թվաքանակը կարող ենք Գինեսի գրքում գրել: Էտ սուտի լավտղությունը տեսել եմ, պարոն Աբովյան, որ մոր հայհոյանքի համար բերդ են նստում, բայց այդ մորը կյանքում ծաղիկ չեն առնում»:
Պատգամավորի խոսքերով, նախագիծը վերաբերում է խնդիրն արձանագրելուն, եթե խնդիրն արձանագրելը «գործ տալ» է, ուրեմն ընդդիմությունը լավագույն գործ տվողն է: