Երեկ` սեպտեմբերի 13-ին, խորհրդարանը քննարկեց օրենքի նախագիծ, որը թույլ կտա քաղաքացիներին նկարել կարգազանց վարորդներին և խախտումներն ուղարկել համապատասխան մարմնին:
Օրենքի նախագիծը, անսպասելիորեն, բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Եթե իմքայլական պատգամավորներն այն համարեցին դրական, ԲՀԿ-ականները հիմնականում քննադատեցին նախաձեռնությունը` համարելով, որ այն թշնամանք է սերմանելու հարևանների ու առհասարակ քաղաքացիների միջև:
Չնայած այն բանին, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները բառացիորեն չասացին, որ այդ նախագիծը «գործ տալու» մասին է, մեծամասնությունը քննադատությունները հենց այդպես ընդունեց:
Օրենքի նախագծի հեղինակներից Իմ քայլի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ իր հերթին ամփոփիչ խոսքի ժամանակ հայտարարեց, որ նախագիծը վերաբերում է խնդիրն արձանագրելուն, եթե խնդիրն արձանագրելը «գործ տալ» է, ուրեմն ընդդիմությունը լավագույն գործ տվողն է: