Լուսավոր Հայաստանից քվեարկությանը մասնակցել է 15 պատգամավոր, 15-ն էլ կողմ են քվեարկել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցի քվեարկության մասին:
Հիշեցնենք, որ հայտնի փակ քվեարկության ժամանակ մեկ պատգամավոր դեմ էր արտահայտվել:
Մինչ քվեարկությունը ԲՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու դրան: Քվեարկությանը մասնակցել են միայն Իմ քայլն ու Լուսավոր Հայաստանը:
Մարուքյանը նաև հիշեցրեց, որ քվեարկության ժամանակ ինքն ու Մանե Թանդիլյանը գործուղման մեջ են եղել:
Հարցին՝ վստահ է արդյո՞ք, որ դեմ քվեարկողը Իմ քայլից է եղել, Մարուքյանն ասաց, թե վստահ է, որ ԼՀԿ-ի 15 պատգամավորները կողմ են քվեարկել:
Մարուքյանը նաև վստահեցրեց, որ լրագրողի հարցը հակասահմանադրական չէ, ինչպես ավելի վաղ պնդել էր Իմ քայլից Վլադիմիր Վարդանյանը: