Իրավական Տեսանյութեր 

«Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ անձանց /տեսանյութ/

analitik.am

Հոկտեմբերի 3-ի գիշերը Նոր Խարբերդի 16-րդ փողոցից «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ ու 20-ամյա մի երիտասարդ։ Նրանց վրաերթի ենթարկած վարորդը, «Օպել»-ը թողնելով դեպքի վայրում, հեռացել էր։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

 

Մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին ոչ միայն վարորդի ինքնությունը, այլև դեպքի վերաբերյալ նոր հանգամանքներ։

 

Ավագ օպերլիազոր Արծրուն Միքայելյանի խոսքով՝ հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացել, որ «Օպելը» վարած 30-ամյա տղամարդն ու վրաերթի ենթարկված անձինք դեպքից մի քանի րոպե առաջ վիճել են, որն ուղեկցվել է փոխադարձ հարվածներով։ Այս միջադեպից հետո 30-ամյա տղամարդը իր «Օպելով» դիտավորյալ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով վրաերթի է ենթարկել Նոր Խարբերդի 16-րդ փողոցում հավաքված անձանց։

 

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի ու խուլիգանության հատկանիշներով։ Հետագա միջոցառումներով Շենգավիթի քրեական հետախույզները հայտնաբերեցին «Օպել»-ի վարորդին ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա տղամարդը ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Հոկտեմբերի 19-ին նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։

 

Նախաքննությունը շարունակվում է։

Նույն շարքից