Analitik.am-ն արդեն անդրադարձել է Գյումրու տուն-ինտերնատի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թիրախում են հայտնվել տուն-ինտերնատի աշխատակիցները. դրված է նրանց աշխատանքից ազատման հարցը:
Այսօր արդեն նախարարությունը հայտարարություն է հրապարկել այն ՀԿ-ների համար, որոնք կարող են սոցիալական ծառայություններ մատուցել և կոչ է արվում այդ ՀԿ-ներին ներկայանալ և ծանոթանալ փաթեթներին:
Analitik.am-ի հետ զրույցում Գյումրու տուն-ինտերնատի աշխատակցիներից կազմված կոմիտեի անդամ, հերթափոխի պետ Արսեն Ավագյանը նշեց, որ կոմիտեն դեռևս որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել և մտադրություն չունեն հակաօրինական քայլեր կատարել՝ միայն օրենքով սահմանված կարգով և օրենքի պահանջներին համապատասխան պաշտպանելու են տուն-ինտերնատի աշխատակցիների շահերը:
Նա նաև նշեց, որ տուն-ինտերնատի կոլեկտիվը որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել, միայն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է նախարարությունից գրություն ստացել, իսկ անձնակազմը որևէ փաստաթղթային ծանուցում, որ կառույցը պետք է լուծարվի՝ չի ստացել:
«Աշխատակազմին չծանուցել չեն կարող, չի կարող պատահել, օրենքի պահանջ է: Չի կարող պատահել, որ ամեն ինչ օրենքի ոտնահարումով տեղի ունենա: Մենք սպասում ենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կատարի օրենքով սահմանված կարգով բոլոր պայմանները, որ մենք էլ կարողանանք օրենքով սահմանված կարգով մեր հակաքայլերը կատարել»,-ասաց Արսեն Ավագյանը:
Ըստ տուն-ինտերնատի աշխատակցի, եթե որոշվել է, որ ՀԿ-ները պետք է ապահովեն տուն-ինտերնատի գործունեությունը, ապա իրենք պետք է տեղեկանան այդ մասին և կարող են ձևավորվել ՀԿ բոլոր չափանիշներով և մասնակցեն մրցույթին:
«Ցանկացած պարագայում որևէ ՀԿ միանշանակ այս կառույցի աշխատակիցներից ավելի շատ ինֆորմացված չէ, խնամվողների մասին չի մտածում և աշխատանքային գործառույթներին այնքան ծանոթ չէ, որքան մեր աշխատակիցները: Մեր աշխատակիցները տեղյակ են 157 խնամվողի առանձնահատկություններին, գիտեն մեր բոլոր խնամվողների սպեցիֆիկությունը և օրը 24 ժամ աշխատում են նրանց հետ: Ոչ ոք չի կարող նրանց մատուցել այնպիսի ծառայություն՝ ինչպես տուն-ինտերնատի աշխատակիցները: Հաստատության խնամվողներն արդեն իսկ իրենց վրա զգացել են դա և նրանք կապված են իրենց սանիտարներին, բուժքույրերին այնպես, ինչպես իրենց ընտանիքների անդամներին»,- ասաց Ավագյանը:
Իսկ թե ինչ է սպասվում Գյումրու տուն-ինտերնատի աշխատակիցներին՝ դեռևս հստակ չէ և նրանք ստեղծել են կոմիտե՝ պաշտպանելու աշխատակիցների աշխատանքային իրավունքները և ըստ նրա, չեն պատրաստվում ոչ հարձակվել, ոչ էլ հակաօրինական քայլերի գնալ:
«Մենք պետք է մինիմալ տիրապետենք, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ինչ քայլեր է նախապատրաստում, որպեզի պաշտպանվենք: Եվ, եթե նախարարությունը մեզ կանգնեցի փաստի առջև՝ այն ժամանակ էլ կփորձենք ամեն հասանելի միջոցներով պաշտպանել մեր իրավունքները»,-շեշտեց Գյումրու տուն-ինտերնատի հերթափոխի պետը:
Գոհար Ստեփանյան