Եթե Գևորգ Կոստանյանը չգա, կգործենք ըստ օրենքի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Հարցին՝ հետախուզում է հայտարարվելո՞ւ, Խաչատրյանը կրկնեց՝ կգործեն ըստ օրենքի:
Դիտարկմանը, որ Կոստանյանն ասել է դասերն ավարտելուց հետո կվերադառնա, Խաչատրյանը հարցրեց՝ ե՞րբ են ավարտվելու. «Որպես մեղադրյալ անձը ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարում հավաքված ապացույցների համակցությունն անձին որպես մեղադրյալ ներգրավվելու համար: Այդ համակցությունը որ պահին բավարար է համարվում, քննիչը որոշում է կայացնում»:
ՀՔԾ պետն իհարկե խնդիր է համարում այն, որ մարդիկ որպես մեղադրյալ ներգրավվում են, երբ արդեն Հայաստանում չեն լինում, սակայն չեն կարող ամեն պահի քաղաքացուն որպես մեղադրյալ ներգրավվել, դրա համար ապացույցների բավարար համակցություն պետք է լինի:
Հարցին՝ կարող է արդյո՞ք ինքը երաշխավորել, որ արդարադատությունը կհասնի նրանց, ովքեր Հայաստանում չեն, Խաչատրյանը նույն հարցը տվեց լրագրողներին. «Ես կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ կանենք դրա համար: Վարույթ իրականացնող մարմինը հետախուզում իրականացնող մարմին չէ, հետախուզում ոստիկանությունն է իրականացնում»։