Իրավական 

Կրակոցներ Արմավիրի մարզում. մասնակիցների թիվը 13 է, կա վիրավոր

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով/ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Սաղաթել Վարդանյանն է։ Ոստիկանությունը պարզել է նաև, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Արևիկ գյուղից դեպի Ալաշկերտ գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան հատվածում վիճաբանության ժամանակ Ալաշկերտ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արսեն Պետրոսյանը իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի 5,45 մմ տ/չ ինքնաձիգով կրակել է Ս. Վարդանյանի ոտքին՝ պատճառելով վնասվածք: Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 13 մարդ:

Դեպքի վայր ժամանած Արմավիրի մարզի ոստիկանները զննությամբ հայտնաբերել են է 5,45 մմ տ/չ ինքնաձիգի 2 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, կոտրված փայտեր, ա/մ-ի կոտրված ապակիներ և արյան հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության մասնակիցներին և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից