Իրավական 

Ռուսաստանում Միհրան Պողոսյանի խափանման միջոցը նոր չեն փոխել. Գլխավոր դատախազը նաև մի «գաղտնիք» բացահայտեց

Երեկ հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է:

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Միհրան Պողոսյանի խափանման միջոցը նոր չէ վերացվել. «Հիշո՞ւմ եք, որ մի քանի ամիս առաջ հայտնեցինք Միհրան Պողոսյանի հանձնումը մերժելու մասին: Երբ երկիրը մերժում է հանձնումը, այլևս մի վայրկյան իրավունք չունի ու չի կարող պահել: Նոր բան չկա, այն ժամանակվա վիճակն է»:

Դավթյանը հայտնեց, որ ռուսաստանցի գործընկերների հետ քննարկումները շարունակվում են. «Նկատի ունենալով քրեական գործի ակտիվ փուլում գտնվելը՝ չեմ բացառում, որ նոր առավել ծանր հանցագործությունների դրվագներ կունենանք այդ առումով: Բնականաբար, հանցանքի ծանրությամբ պայմանավորված՝ հույս ունենք, որ մեր գործընկերներն իրավական և արդարացի մոտեցում կցուցաբերեն»:

Հարցին՝ մի՞թե այսօր առկա մեղադրանքը բավարար ծանր չէ արտահանձնման համար, Դավթյանը հայտարարեց՝ իհարկե ծանր է. «Եթե զուտ իրավական տերմինալոգիայով խոսենք՝ ծանր է, իսկ փաստացի ունենք այն, ինչ ունենք: Իմ ասելիքն այն է, որ քրեական գործն ակտիվ շարունակվում է, նոր դրվագներ լինելու դեպքում մեր գործընկերների հետ քննարկումները շարունակելու ենք»:

Դավթյանը միևնույն ժամանակ մի նրբության մասին խոսեց. Եթե որևէ մեկը դիմում է որևէ պետության ապաստան ստանալու խնդրանքով, այդ երկիրն իրավունք ունի չհրապարակելու այդ փաստը. «Թե որքանով է պատճառը դա, չգիտեմ, դրա համար քննարկումները շարունակվում են, որպեսզի հասկանանք»:

Նույն շարքից