Իրավական 

Գևորգ Լոռեցյանը ձերբակալված է. Նրա կարգավիճակը հայտնի է

analitik.am

Կրթության գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալված են: PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել են ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ նրանք ունեն կասկածյալի կարգավիճակ:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից,  կոռուպցիայի  դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը,  նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն  ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:

Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նույն շարքից