Իրավական 

Հայցում են վարորդների ներողամտությունը. Ոստիկանության հայտարարությունը

2019 թվականին ներկրված տրանսպորտային միջոցների քանակի աննախադեպ աճով պայմանավորված՝ պետական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, ինչպես նաև վարորդական վկայականների տպագրման համար օգտագործվող պաշտպանիչ թաղանթները հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում սպառվել են, իսկ նոր քանակի առաքումը կարող է տևել մոտ մեկ ամիս։

ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 09-ի թիվ 1251-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 7-րդ գլխի 30-րդ կետի համաձայն, եթե տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ հաշվառման վկայագիրը տալ հաշվառման (վերահաշվառման) օրը, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` մինչև մեկ ամիս ժամկետով, որի ձևը հաստատված է ՀՀ ոստիկանության պետի 2010 թվականի հոկտեմբերի 05-ի թիվ 2080-Ա հրամանով սահմանված ձևին համապատասխան։ Իսկ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1158-Ն որոշման 3-րդ կետի, երբ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ պատրաստել վարորդական վկայական, անձին անմիջապես տրվում է ժամանակավոր վարորդական վկայական, որը ենթակա է վերադարձման:

Հայցելով վարորդների ներողամտությունը՝ միաժամանակ պարզաբանվում է, որ հաշվառման ժամանակավոր վկայագրի գործողության ժամկետում այլ երկիր մեկնելու համար անհրաժեշտ է ունենալ հաշվառման ժամանակավոր վկայագրի թարգմանված տարբերակը:

ՀՀ Ոստիկանություն

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից