Իրավական 

Հավատացեք, ես ինձ Ռեմբոյի տեղը չեմ դնում. Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր. «168 Ժամը»

analitik.am

«168 Ժամը» ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ զրուցել է դատական իշխանության շուրջ կատարվող իրադարձությունների մասին

– Երեկ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Ինչպե՞ս եք գնահատում օրենքի ընդունումը, և արդյո՞ք այս օրենքը հետագայում խնդիրներ չի առաջացնելու:

– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև իմ պատասխանը քաղաքական կլինի, և ես չեմ կարող նման բան թույլ տալ:

– Մեր դատարաններն այսօր անկա՞խ են: Օրերս Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին էլ, ըստ էության, հստակ չէր պատասխանել այդ հարցին՝ ասելով.  «Դատական համակարգում մենք ունենք անկախ դատավորներ։ Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ համակարգը որքանով է անկախ, չգիտեմ, նաև որպես դատավոր, կարծում եմ, իմ կողմից գնահատական տալն այնքան էլ ճիշտ  չէ»:

– Մենք անկախ դատավորներ ունենք, անկախ դատական համակարգ՝ այսօրվա դրությամբ, չունենք:

– Կարծում եք՝ ճնշումնե՞ր կան:

– Իսկ ինչ-որ մի գիտակից անձնավորություն կա՞, որ կարծում է, որ ճնշումներ չկան: Իհարկե կան, բացահայտ ճնշումներ՝ գործադիր և օրենսդիր մարմինների կողմից:

– Արդյո՞ք բարձրագույն իշխանության թողտվությամբ է դա արվում:

– Ոչ թե թողտվությամբ, այլ հենց իրենց կողմից է արվում:

– Ընտրովի արդարադատության դեպքի հետ գործ չունե՞նք արդյոք, երբ, օրինակ, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կապված միջադեպը, որի ընթացքում անգամ կարծես թե քաշքշոց եղավ, որևէ գնահատականի չարժանացավ, իսկ, օրինակ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպի առիթով երկու երիտասարդները ձերբակալվեցին, որոնցից մեկը 2 օր առաջ ազատ արձակվեց, և դա այն դեպքում, երբ նրանք կրկնել էին երկրի վարչապետի հարցը «վնգստացող դատավորների» մասին:

– Ես չեմ կարող դա մեկնաբանել՝ նկատի ունենալով, որ այդ նույն երիտասարդների գործը վաղը կարող է հայտնվել ինձ մոտ, և այսօր կարծիք հայտնելով՝ ես ինքս ինձ կդնեմ վատ դրության մեջ: Ցանկացած պարագայում, ցանկացած կարծիք արտահայտելու դեպքում՝ կամ մեղադրանքի կողմը, կամ պաշտպանության կողմն ինձ ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի:

– Դատավորների անփոփոխելիությունն առհասարակ դատական իշխանության երաշխիքներից չէ՞։

– Իհարկե:

– Այդ դեպքում վատ նախադեպ չի՞ ստեղծվի, եթե այսօր իշխանությունների ցանկությամբ դատավորներ փոխվեն, որովհետև վաղվա իշխանությունը կարող է ցանկանալ իր դատավորներն ունենալ, մյուսը՝ իր:

– Ցանկացած իշխանության ձեռնտու է իրեն ենթարկվող դատական իշխանություն ունենալ, և ես չեմ զարմանում, որ նման կերպ են վարվում այսօրվա քաղաքական իշխանությունները, սակայն, իմ կարծիքով, ոչ ոք չէր սպասում նման բիրտ ճնշումների դատական համակարգի նկատմամբ:

– Այսօր, թերևս, դատավորի լավ կամ վատ լինելը որոշվում է մեկ գործի շրջանակներում, և դա Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն է: Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու՝ Ձեր կայացրած վճռից հետո մեծ արշավ ծավալվեց Ձեր դեմ: Տեմպը թուլացե՞լ է, թե՞ նույն կերպ շարունակվում է:

– Տեմպը թուլացել է, մինչև հայտնի գործով մի նոր դատավոր ինքնուրույն կարծիք կարտահայտի և ազատ կարձակի Երկրորդ նախագահին:

– Իսկ Ձեր հանդեպ այժմ ճնշումներ իրականացվո՞ւմ են:

– Հավատացեք, ես ինձ Ռեմբոյի տեղը չեմ դնում, բայց ինձ շատ դժվար է ճնշել, շա՜տ դժվար: Եվ ոչ միայն ես եմ այդպիսին. շատերս ենք: Դատական համակարգում կան դատավորներ, որոնց հիմա հնարավոր չէ ճնշել:

Ավելին՝ 168.am

Նույն շարքից