Իրավական 

ԱԱԾ. Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր

analitik.am

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Այսպես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող ՍՊ ընկերության տնօրենը, իրացնելու նպատակով, պատճենահանման եղանակով կեղծել է իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` «գազաբալոնային տեղայակայանքով ավտոմեքենա վարելու» իրավունքի և «ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղակայված գազաբալոնային համակարգի համապատասխանության» վկայականներ, որոնք, յուրաքանչյուրը 2500 ՀՀ դրամով, իրացրել է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ և Ղազախստանի քաղաքացիներին`  առանց վերջիններիս ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային համակարգեր տեղադրելու:

Բացի այդ, ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող մեկ այլ ՀՀ քաղաքացի քննությամբ դեռ չպարզված անձից ձեռք է բերել կեղծ տեխզննման կտրոններ` յուրաքանչյուրի համար վճարելով 1000 ՀՀ դրամ, որոնք, յուրաքանչյուրը 4000 ՀՀ դրամով, իրացրել է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ և Ղազախստանի քաղաքացիներին:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նույն շարքից