Իրավական 

Հակոբ Երանոսյանը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին տեղի ունեցած ինքնավթարի հետևանքով

analitik.am

Այսօր ՀՀ  կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել քաղաքացի Մայրանուշ Երանոսյանը, ով իր բողոքն է արտահայտել որդու՝ Հակոբ Երանոսյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ 2019թ. ապրիլի 22-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց ավտովարորդ Սամվել Հովհաննիսյանն իրեն վստահված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի մասից, ընդհարվել է մայթեզրի եզրաքարերին, այնուհետև շինության պատին, որի հետևանքով ուղևոր Հակոբ Մարտիկի Երանոսյանին անզգուշությամբ պատճառվել է մարմնական վնասվածքներ, ով տեղափոխվել է Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկը:

Դեպքի առթիվ 22.05.2019թ. ՀՀ ոստիկանության ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և այն ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար:

Քրեական գործով Հակոբ Մարտիկի Երանոսյանի վերաբերյալ որոշում է կայացվել տուժող ճանաչելու մասին:

Նախաքննության ընթացքում տուժող Հակոբ Մարտիկի Երանոսյանի կնոջ` Ցողիկ Բարսեղյանի կողմից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժին ներկայացրած դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա 09.08.2019թ. որոշում է կայացվել Ց.Գ.Բարսեղյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:

Դատաբժշկական փորձաքննության թիվ 1208/հ եզրակացության համաձայն՝ Հակոբ Մարտիկի Երանոսյանի մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, պատռած վերքերի, գանգի թաղի, հիմի և դիմային գանգի ոսկրերի կոտրվածքների, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի՝ կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացումով, ուղեղի ցողունի ախտահարումով և կոնտուզիոն հեմոռագիկ օջախի առաջացումով, ենթաոստայնային արյունազեղման, գլխուղեղի այտուցի, աջ նախաբազկի զույգ ոսկրերի կոտրվածքների ձևով, պատճառվել են բութ առարկաներով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետին և հանգամանքներում, որոնք իրենց համակցությամբ պատճառել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

29.05.2019թ. Սամվել Մելիքի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտնում ենք, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հակոբ Երանոսյանը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց տեղի ունեցած ինքնավթարի հետևանքով:

Նույն շարքից