Իրավական 

Կրակոց Աբովյանում

analitik.am

Դեկտեմբերի 15-ին՝ժամը 05։30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայողները «Տաշիր Պիցցա»-ի մոտ ծառայություն կատարելու ժամանակ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Հատիսի փողոցի 1/7 հասցեում գործող «ԱՐԵԳԱԿ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղում գողություն է տեղի ունենում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները, շտապ մոտենալով նշված վայր, նկատում են, որ 2 հոգի վազելով դիմում են փախուստի, իսկ մեկին, ոստիկանները հետապնդելով, կարողանում են վնասազերծել։ Ոստիկանության ծառայողները՝ որպես նախազգուշացում, 1 կրակոց են արձակում, որպեսզի հանցագործը կանգ առնի, սակայն նա գող կատվի նման դիմում է փախուստի, բայց նրան չի հաջողվում. ոստիկանների կողմից վնասազերծվում է։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նշված մասնաճյուղի ապակե դռան փականը՝ կոտրված, երբ հանցագործները, մտնելով ներս, փորձել են գողություն անել, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում իրենց գործն ավարտին չեն հասցրել։ Փախուստի դիմած ու գողության կասկածանքով բռնվածը Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ՝ 19-ամյա Գոռ Ասլանյանն է, ով քննիչի որոշմամբ որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք «բոլգարկա», դիմակ, երկաթե լինգ, դանակ, որոնք քննիչի որոշմամբ առգրավվել են։ Հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված պարկուճը, որը, ըստ նախնական տեղեկությունների, ճիվաղներին հետապնդելիս ոստիկանության ծառայողը նախազգուշական կրակոց էր արձակել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի վայրից փախուստի դիմած մյուս 2 հանցագործների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից