ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Կիևում Գերագույն ռադայի շենքի մոտ բողոքի ակցիաների մասնակցող ցուցարարների և ոստիկանների բախումները։ Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է Լենտան։
«Ե՞րբ ԵՄ արտաքին գործերի նախարարները կսկսեն Կիևի իշխանություններին հորդորել «պահպանել համաչափությունը»՝ ցուցարարներին ցրելու ժամանակ»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Կիևում Գերագույն ռադայի շենքի մոտ մի քանի զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում, մասնավորապես՝ ակտիվիստները դեմ են օտարերկրյա քաղաքացիներին գյուղատնտեսական նշանակության հողեր վաճառելու մասին օրինագծի քննարկմանը։ Արդյունքում բախում է տեղի ունեցել ոստիկանության ծառայողների և ցուցարարների միջև։ Ոստիկանությունը գազ է կիրառել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների արդյունքում մարդ է մահացել։ Քաղաքային ոստիկանության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն պաշտոնական ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ոստիկանության հետ վերջին բախումից մի ժամ առաջ մահացել է 1979 թվականի ծնված տղամարդ։ Ոստիկանությունում հաստատել են, որ դեպքը տեղի է ունեցել Ինստիտուտի փողոցում, որտեղ ցուցարարներն ակտիվություն չեն ցուցաբերել, իսկ տղամարդու մահվան պատճառը եղել է սրտի նոպան։
Մինչ պաշտոնական ճեպազրույցն ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները հայտնել են, որ Կիևում մահացած տղամարդուն ծեծի են ենթարկել ոստիկանության ծառայողները։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իգոր Մոսիչուկը։