Դեկտեմբերի 18-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի զենք ձեռք բերելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Ռ. Փ.-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինիս մոտ հայտնաբերվել է «Վոլֆեր Վաֆեն Փաբրիկ Ուլմիդո» ատրճանակ, որի փամփշտակալում եղել է 5 հատ փամփուշտ:
Բերման է ենթարկվել նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Է. Ա.-ն, ում մոտ հայտնաբերվել է «Բակաս-15մ» գրառմամբ որսորդական 1 փողանի ողորկափող հրացան: Իսկ մյուս բերման ենթարկված, Երևանի բնակիչ, 30-ամյա Հ. Մ.-ի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Ոստիկանները Բուռնազյան փողոցի թիվ 73 տան մոտ՝ նշված անձանց բերման ենթարկելու վայրից, հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակի մեջ գետնին դրված խլացուցիչով 1 ինքնաձիգ: Ժամանած ոստիկանության փորձաքրեագետը ինքնաձիգի փամփշտատուփում հայտնաբերել է 25 հատ «Մակարով» տեսակի փամփուշտ:
Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նշանակվել են փորձաքննություններ: