Իրավական 

Իշխանություններն ամեն միջոցով հորս կալանքի տակ են պահում, ճնշում գործադրում դատարանների վրա․ Լևոն Քոչարյան

Այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ազատ չարձակեց նրան:

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանը խոսեց Ոստիկանության տարածած հայտնի տեսանյութի մասին՝ նշելով, որ արդեն պարզաբանում տվել է. «Ամեն ինչ շատ կասկածելի է: Ես այստեղ երկու տարբերակ եմ տեսնում՝ կամ այդ մարդուն հատուկ ուղարկել են ինչ-որ նպատակով, ձայնագրել են՝ դա շահարկելու համար: Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ ի սկզբանե այդ մարդու հայտնվելն է ինչ-որ հանգամանքներում եղել ու էլի պայմանավորված: Որևէ բան պետք չէ բացառել, եթե հաշվի առնենք իշխանությունների գործելաոճը»:

Կրտսեր Քոչարյանը նշեց, որ արդեն երկու տարի պնդում են՝ նպատակ չունեն խոչընդոտելու քննությանը, չկա ցուցմունք, որը կուզենային, որ փոխվեր. «Գործում չկա ցուցմունք, որը կարող է վնասել մեզ»:

Լևոնը նշեց, որ տեսանյութում երևացող մարդուն ճանաչում են երեք ամիս. «Անհասկանալի է նաև այն, որ դա արվել է հենց երեկ: Ես կարծում եմ, որ դա արվել է այսօրվա որոշման վրա ազդեցություն ունենալու համար»:

Երկրորդ նախագահի որդին նշել է, որ տեսանյութում երևացող անձին գիտի, ինչպես՝ մյուս աջակիցներին. «Այս ընթացքում աջակիցների շարքերում եղել են մարդիկ, ովքեր սխալ քայլեր են արել, մարդկանց ինչ-որ խոստումներ են տվել: Երբ մենք իմացել ենք այդ մասին, այդ մարդկանց խնդրել ենք այլևս չգան: Այնպես չէ, որ աջակիցները թուղթ են ստանում դրա համար, համախոհներ են: Տարբեր մարդիկ, տարբեր նպատակների համար են գալիս»:

«Իշխանություններն ամեն միջոցով հորս կալանքի տակ են պահում, ճնշում գործադրում դատարանների վրա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ պատիժ պետք է սահմանվի տեսանյութում երևացող մարդու համար, Լևոնը նշեց՝ ինչ նախատեսված է օրենքով. «Ուղղակի իրավապահների նկատմամբ էլ հավատ չկա: Մենք տեսնում ենք, որ նրանք ամեն կերպ ուզում են կեղտոտել, անվան հետ խաղալ: Շատ ցածր ու ճղճիմ քայլ էր»:

Լևոն Քոչարյանը դիմեց իրենց աջակիցներին, ում մտքով հնարավոր է նման բան անցնել. «Թող հեռու մնան նման բաներից: Մենք ոչինչ չենք ուզում փոխել այս գործի մեջ: Ուզում եք, բերեք գրենք, ստորագրենք»:

Քոչարյանը բացառեց այն, որ իրենք որևէ կապ ունեն տեղի ունեցածի հետ:

Նույն շարքից