Իրավական 

Նման ձևով ԵՊՀ-ից որևէ մեկը չպետք է բերման ենթարկվի, դա վիրավորական է. Դավիթ Ափոյանը մանրամասներ է հայտնում

Այսօր հենց ԵՊՀ վարչական շենքից բերման ենթարկված ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը, ով արդեն ազատ է արձակվել, լրագրողների հետ զրույցում մանրամասներ է պատմել իրեն բերման ենթարկելու մասին:

Ափոյանի խոսքերով, խնդիրն այն է, որ ուսանողական խորհրդի հետ կապ ունեցող ինչ-որ անձ ինչ-որ երկրորդական-երրորդական առնչություն է ունեցել գործի (նկատի ունի օրեր առաջ իրավաբանական ֆակուլտետի մոտ հնչած կրակոցների միջադեպը) հետ. «Ես ասացի, որ ուսանողական խորհուրդ բազմաթիվ մարդիկ են մտնում, հնարավոր չէ բոլորի մասին ինֆորմացիա ունենալ: Ես ներկայացրեցի, որ չեմ ճանաչում նրանց: Դրանից հետո իրավապահներից մեկը դուրս եկավ, հետո ներս եկավ ու ասաց, որ պետք է ինձ բերման ենթարկեն: Ինձ համար դա տարօրինակ էր: Ես պահանջեցի ինձ բերման ենթարկելու որոշում ցույց տալ, սակայն դա չարվեց: Հետո զանգահարեցի փաստաբանին, ով ասաց, որ մենք ժամը 14:00-ին կներկայանանք ոստիկանություն, ինչի մասին տեղյակ պահեցի նաև իրավապահներին, բայց, ինչպես տեսաք, ինձ բերման ենթարկեցին»:

Ափոյանի խոսքերով, նման ձևով բերման ենթարկելը շատ վիրավորական էր. «Առհասարակ համալսարանից նման ձևով որևէ մեկին չպետք է բերման ենթարկեն: Դա վերաբերում է առավել ևս ուսխորհրդի ղեկավարին: Այստեղ իմ անձի մասին չէ խոսքը: Էլ չեմ խոսում այն մասին, որ ես ասել էի՝ կներկայանամ»:

ԵՊՀ ՈւԽ ղեկավարն ասաց, որ իրեն արդեն երկրորդ անգամ են կանչում որևէ գործի շրջանակներում, որի հետ կապ չունի, մի անգամ բանակում է եղել՝ պոստերում, իսկ այս անգամ մասնակցել է պարգևատրման միջոցառմանը. «Ինձ բերման են ենթարկում ու հարցաքննում մի միջադեպի շրջանակներում, որի ընթացքում ես մասնակցում էի պարգևատրման արարողության»:

Ափոյանի խոսքերով, եթե համարենք, որ սա պատահականություն է, ապա դրանք արդեն օրինաչափություն են դառնում. «Տարօրինակ կերպով ամեն ինչը լինում է հոգաբարձուների խորհրդի նախաշեմին»:

Ափոյանը նաև հայտնեց, որ իրեն բերման ենթարկելու օրինականությունը վիճարկելու են:

Նույն շարքից