Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հրայր Թովմասյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ նախագահին այսօր մեղադրանք է առաջադրվել:
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամսով ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո: Դրանք ոչ միայն հայհոյախառն էին, սպառնալիքներ, այսօրվա մասին զգուշացումներ, այլ նաև կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ: Սակայն ՍԴ-ն այս ժամանակահատվածում, փառք ու պատիվ ՍԴ դատավորների, աշխատել է առանց որևէ խոչընդոտի, ընդունել է որոշումներ, որոնք ելակետային են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար:
Կարծում եմ, որ շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին, ովքեր ուժեղ, հայրենասեր մարդիկ են, նվիրյալներ: Եթե խաղաղ ժամանակ հերոսներ եք ման գալիս, ապա այդ հերոսները հիմա այս շենքում նստած աշխատում են: Խոսքը վերաբերում է Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին, Արայիկ Թունյանին, Արման Դիլանյանին:
Վահե Գրիգորյանն այդ ցուցակում չկա: Նրանք հերոսներ են:
Եթե որևէ մեկը մտածում է, որ այս մարդիկ կարող են «կաշառք» անվանումը ստացած նախագծով գայթակղվել, շատ վատ են ճանաչում նրանց: Իմ ասած դատավորներերից որևէ մեկը դրան չի գնալու:
Այսօր պայքար չէ աթոռի համար, հակառակն է՝ պայքար է, թե վաղը մենք ինչպիսի դատական իշխանություն, պետություն ենք ունենալու: Այդ մարդիկ չեն ուզում ստանալ անաշխատ իրավունք: Ես չեմ քննարկել, սակայն վստահեցնում եմ, որ այս ամբողջը քաղաքական պրոցես է և մեկ նպատակ է հետապնդում»: