Ես մանրամասներ չգիտեմ մեղադրանքի մասին, սակայն կարող եմ ասել, որ Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր եղել է նախորդ սահմանադրության ուժով և նրա նկատմամբ անձեռմխելիությունը գործում է ամբողջ ծավալով: Այսինքն, առանց ՍԴ համապատասխան ակտի, Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելն ինքնին հանցագործություն է, որը սահմանված է քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով: Հաշվի առնելով, որ այս գործը գտնվում է Գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո, հենց նա է պատասխանատու: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դավիթ Հարությունյանը՝ վստահություն հայտնելով, որ փաստաբաններն այդ մասին կխոսեն:
«Ես հույս ունեմ, որ Գլխավոր դատախազը չի դառնա հանցագործության հանցակիցը: Այս պարագայում անձեռմխելիության ինստիտուտը խախտված է»,-ասաց նախկին նախարարը:
Հարությունյանի խոսքերով, էական չէ այն, որ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել նախարար եղած ժամանակ կատարած ինչ-ինչ քայլերի համար, քանի որ անձեռմխելիության ինստիտուտը ստեղծված է դատարանի անկախությունն ապահովելու համար. «Հենց անձը դառնում է դատավոր, անձեռմխելիությունը տարածվում է ամբողջ ժամանակահատվածի վրա»:
Հիմա, եթե բողոք լինի, այն պետք է ներկայացվի Գլխավոր դատախազին, որի պարտականությունն է հետևել օրինականությանը. «Եթե լինեինք իրավական պետություն, քննիչի նկատմամբ քեական հետապնդում պետք է հարուցվեր 309-րդ հոդվածով»։
Հարցին, թե այս գործի մասով որևէ որոշում կարող են արդյո՞ք կայացնել ՍԴ դատավորները, Հարությունյանն ասաց, որ նրանց այս պահին զրկել են իրենց լիազորությունները կատարելուց, ինչը հանցագործություն է և պետք է քրեաիրավական գնահատական ստանա:
Իսկ եթե բողոքները մերժվեն, այն մասը, որը չի գիտակցում, թե ինչ է կատարվում մեր երկրում, կսկսի ավել լավ գիտակցել դա .«Ինձ ու բազմաթիվ իրավաբանների պարզ է, որ այս ամենը նպատակ ունի վերացնելու ՍԴ-ն, իսկ հետո պարզ կլինի ողջ հանրությանը»:
Հարությունյանի խոսքերով, այս պահին ՍԴ մյուս դատավորներն անելիք չունեն: