Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին կոչ է արել ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփին իր վերաբերմունքով «չխայտառակել» պարսկերենը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, փոխանցում է Լենտան։
«Իրանի ժողովրդի նկատմամբ սպառնալիքներով, պատժամիջոցներով և ահաբեկչությամբ թաթախված ձեռքերն ու լեզուներն իրավունք չունեն արհամարհել հնագույն պարսկերենը»,-ասել է խոսնակը:
Մուսավին նաև հարցրել է՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահն աջակցում է Իրանի ժողովրդին, «ում հերոսին նա պարզապես սպանեց»: Խոսքն իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մասին է, ով սպանվեց Իրաքում ԱՄՆ հատուկ օպերացիայի ընթացքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը փոխանցել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի խոսքերը, որ պատժամիջոցներն ու ցույցերը կստիպեն իրանական իշխանություններին նստել բանակցային սեղանի շուրջ. «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ նրանք բանակցությունների կնստեն, թե՝ ոչ: Դա նրանց որոշելու հարցն է, սակայն միջուկային զենք ու ցուցարարների սպանություն չի լինելու»,-գրել է Թրամփը:
Նույն բանը Թրամփը գրել է նաև պարսկերեն: