Տեսանյութեր Իրավական 

Յուրի Խաչատուրովի պաշտպանը չի ներկայացել դատական նիստին․ Դատարանը ստիպված է հետաձգել դատական նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը գրություն է ուղարկել, որում մասնավորապես նշված է, որ դատարանը չի ապահովում մասնակցությունը, պաշտպանական կողմը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում, փաստաբանների հասցեին սպանվածների հարազատների կողմից հնչում են սպառնալիքներ, իսկ դատարանը որևէ գործողություն չի իրականացնում, դատավարության որոշ մասնակիցներ վիրավորում են փաստաբաններին, ինչին ևս դատարանը չի արձագանքում: Այս ամենի արդյունքում պաշտպանական կողմը զրկվում է պաշտպանությունն իրականացնելու իրական ու ողջամիտ հնարավորությունից, ինչով պայմանավորված Պողոսյանը չի ներկայանալու դատական նիստին՝ հայցելով ներողամտություն:

Դանիբեկյանը նշեց, որ նախորդ նիստից հետո արձանագրությունն ուսումնասիրվել է, որևէ խախտում չի արձանագրվել, հետևաբար սպառնալիքի մասին արձանագրում չկա: Իսկ եթե պաշտպանական կողմը սպառնալիք է տեսել, կարող է դիմել համապատասխան մարմիններին:

Քանի որ Պողոսյանը չի ներկայացրել, դատական նիստը պետք է հետաձգվեր: Դատավորը, դիմելով Խաչատուրովին, ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք նա կարող է այլ փաստաբանի հրավիրել այսօր:

Խաչատուրովն ասաց, որ իր փաստաբանի աշխատանքից գոհ է ու չի պատրաստվում փոխել իր պաշտպանին:

Դատարանը հիշեցրեց, որ երեք անընդմեջ նիստի չներկայանալու դեպքում Խաչատուրովը ստիպված կլինի նոր փաստաբան նշանակել:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ստիպված են նիստը հետաձգել:

Մեղադրող կողմը նշեց, որ սա ակնհայտ ցուցադրական քայլ է, իրենք չեն ընդունում Պողոսյանի ներողությունը, քանի որ նիստին չի ներկայացել առանց որևէ պատշաճ հիմնավորման, իսկ հնչեցված մեղադրանքները մերկապարանոց են: Մեղադրող կողմը միջնորդեց դատական սանկցիա կիրառել Պողոսյանի նկատմամբ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը որևէ հիմք չունի Միհրան Պողոսյանի բացակայությունը հարգելի համարելու համար, սակայն սանկցիա կիրառելու հարցը կքննարկի վերջինիս ներկայությամբ:

Նույն շարքից