Իրավական 

Իսկ ո՞վ է ասել, որ դատախազությունն ուզում է փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը. Պաշտպան

Մանվել Գրիգորյանն այս պահին «Նաիրի» ԲԿ-ում է, վերակենդանացման բաժանմունքում: Առողջական վիճակում փոփոխություններ չկան: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը:

Հարցին, թե ինչու է դատախազությունը որոշել արտահերթ դատական նիստ հրավիրել և փոխել խափանման միջոց կալանավորումը, Մկրտչյանը նշեց՝ իսկ ո՞վ է ասել, որ դատախազությունն ուզում է փոխել խափանման միջոցը. «Ինձ թվում է, որ դա պատրանք է: Ես չեմ ակնկալում, որ դատախազությունը խափանման միջոցը փոխելու միտում կամ ցանկություն ունի»:

Ինչ վերաբերում է հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ կարելի է բացատրել արտահերթ նիստ հրավիրելը, պաշտպանը պատասխանեց, որպեսզի ապահովագրեն հետագայում որոշակի զարգացումներ, որոնք ցավոք կարող են լինել. «Նրանք քայլեր են ձեռնարկում, որպեսզի վատ զարգացումներն «իրենց վզին» չմնան»:

Պաշտպանը ենթադրում է, որ դատախազությունը միջնորդություն է ներկայացնելու ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:

Մկրտչյանն ասաց, որ Գրիգորյանի վիճակը հիմա ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում, Հայաստանում հնարավոր բուժօգնությունը ստանում է, կոնսիլիումներ լինում է. «Սակայն մի քիչ ուշացում կա»:

Պաշտպանը նաև վստահություն հայտնեց՝ եթե Մանվել Գրիգորյանը կալանավորված չլիներ, առողջական վիճակը չէր վատթարանա: Մանվել Գրիգորյանն այսօր զրկված է զբոսանքի իրավունքից, որից օգտվում են մյուս կալանավորները:

Մկրտչյանի խոսքերով, Մանվել Գրիգորյանի գործում իրավաբանություն չկա, խոսքը վերաբերում է քաղաքական հետապնդմանը:

Նույն շարքից