Այսօր՝ հունվարի 15-ին, կրակոց է հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է հնչել, որ Մեծամոր քաղաքում գտնվող «Լիդեր» մարզասրահի դիմաց կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այդ ժամին Priora մակնիշի դեռևս չպարզված համարանիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը դուրս գալով, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Կարեն Քերոբյանին պատկանող «Լիդեր» մարզասրահի մուտքի աստիճաններին, որից հետո նրան է մոտեցել այդ ժամանակ մարզասրահից քիչ հեռու գտնվող Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ՌՊՋ դասակի հրամանատարի տեղակալ՝ 47-ամյա Սահակ Ջիլավյանը, դիտողություն արել կրակոցներ արձակած անձին և փորձել է նրան վնասազերծել, սակայն այդ անձը գլխով հարվածել է Ս. Ջիլավյանի դեմքին, ապա Priora մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 7.62 տրամաչափի ատրճանակից կրակված պարկուճ։ Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, ինչպես նաև նրան, ատրճանակը և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: