Իրավական Տեսանյութեր 

Ովքեր են հարցաքննվել, քանի պարկուճ են գտել, ով է հայտնաբերել դին ու ինչ վնասվածքներ են հայտնաբերել. Մանրամասներ` Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին

analitik.am

Կինն ու հայրը միայն դիակի հայտնաբերման կապակցությամբ են տեղեկատվություն հաղորդել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը՝ խոսելով Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին:

Հարցին՝ արդյո՞ք Կուտոյանի դիակի մոտ կոնյակի շիշ հայտնաբերվել է, ինչպես գրում է մամուլը, ՔԿ նախագահի տեղակալն ասաց, որ փորձաքննությամբ կպարզվի՝ արդյո՞ք արյան մեջ սպիրտի պարունակություն կա, թե՝ ոչ:

Սենյակում, որտեղ հայտնաբերվել է Կուտոյանի դին, հայտնաբերվել է 3-4 տասնյակ պարկուճ, գնդակներ. «Կոնկրետ քանակ չեմ կարող ասել»:

Հարցին՝ կրակոցների ձայներ չեն լսվե՞լ, Մելիքյանը նշեց, որ դեռ չունեն գործով որևէ տվյալ, որ որևէ մեկը կրակոցի ձայն է լսել:

Վնասվածքի մասով, այս պահին հայտնի է քունքի շրջանում վնասվածքի մասին, դիմածնոտային հատվածում վնասվածք չի հայտնաբերվել:

Մելիքյանն ասաց, որ այս պահին հարցաքննություններ են կատարվում, զննություններ են կատարվում, բազմաթիվ գործողություններ են ընթանում:

Մելիքյանը չգիտի, թե քանի հոգի են հարցաքննվել, կամ հարցաքննվում, սակայն գիտի, որ այս պահին հարցաքննվողները պաշտոնատար անձինք չեն:

ՔԿ նախագահի խոսքերով, օպերատիվ աշխատողները, ովքեր առաջինը հասել են դեպքի վայր, տանը տեսել են Կուտոյանի կնոջը, ով ամուսնու դին հայտնաբերել է տուն գալուց հետո. «Երբ հարցաքննություններն ավարտենք, ավելի ստույգ կկարողանանք պատասխանել հարցերին: Այս պահին ավարտված հարցաքննություն չունենք, որպեսզի կարողանամ հարցին պատասխանել»:

Հարցին՝ արդյո՞ք հարևանները կրակոցների ձայներ լսել են, Մելիքյանն ասաց, որ այս պահին նման ինֆորմացիա չունեն, հնարավոր է, որ վաղը նոր հարցաքննվողներ լինեն, ովքեր լսած լինեն:

Քննչական կոմիտեում գործ չկա, որով Կուտոյանն անցնում է:

ՔԿ ղեկավարությունն ասաց, որ այս պահին աշխատանքները շարունակվում են, դեռ երկար կշարունակվեն՝ խոստանալով, որ պարբերաբար տեղեկատվություն կհայտնեն։

Նույն շարքից