«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Մխիթար Պապոյանի կենսագրությունը:
Կենսագրություն
Ծնվել է՝ 1977 թվականի սեպտեմբերի 5-ին Արմավիր քաղաքում:
1994 թվականին ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 10-րդ միջնակարգ դպրոցը:
1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2008 թվականի օգոստոս ամսին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:
2011 թվականից հանդիսանում է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի Համեմատական իրավագիտություն և դատավարական իրավունքի ամբիոնի հայցորդ:
1999 թվականից մինչև 2001 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես ստաժոր, այնուհետև՝ մինչև 2004 թվականը, նույն վարչությունում՝ որպես իրավաբան:
2004 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:
2006 թվականի հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:
2006 թվականից սեպտեմբեր ամսից մինչև 2008 թվականի օգոստոս ամիսն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կազմակերպական վարչության պետ:
2008 թվականի օգոստոս ամսից մինչև 2009 թվականի մարտ ամիսն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավորի օգնական:
2009 թվականի մարտ ամսից մինչև հուլիս ամիսն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական։
2009 թվականի հուլիսի 21-ին նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2010 թվականի դեկտեմբերի 29-ին նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2013 թվականի նոյեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
-Կայացրած դատական ակտերի հանդեպ քաղաքացիներն անվստահություն հաճա՞խ են հայտնում՝ բողոքը տանելով վերադաս դատարան:
-Կայացված դատական ակտերի դեմ հաճախ է բողոք տարվում վերադաս դատարան, սակայն կարծում եմ, որ դա ոչ թե քաղաքացիների անվստահության արդյունքն է, այլ փաստաբանների գործելավոճը: Ընդ որում` տարված բողոքների 99 տոկոսից ավելին մերժվում է:
-Դատավորն արդարադատություն իրականացնելիս, լինելով ազատ և անկախ մարմին, ամբողջությամբ կարո՞ղ է զերծ մնալ կողմնակի ազդեցություններից և միջամտություններից:
-Գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնելիս յուրաքանչյուր դատավոր ազատ և անկախ է ու կարող է զերծ մնալ կողմնակի ազդեցություններից և միջամտություններից, եթե նա սկզբունքային է:
-Ինչպե՞ս եք վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին, արդյոք այդ կերպ արդարադատությունն ավելի անաչառ և օբյեկտիվ չի լինի, հնարավո՞ր է, որ ՀՀ-ում էլ ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը:
-Գտնում եմ, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը որևէ կերպ չի կարող արդարադատությունն ավելի անաչառ և օբյեկտիվ դարձնել, քանի որ դատավորի անաչառ և օբյեկտիվ լինելը պայմանավորված է նրա սկզբունքայնությամբ, և չեմ կարծում, որ ոչ սկզբունքային անձին պետք է վստահել արդարադատության իրականացումը և միջոցներ ձեռնարկել նրան վերահսկելու համար:
-Ինչպե՞ս եք գնահատում հասարակություն-արդարադատություն փոխհարաբերությունները, արդյոք քաղաքացիները վստահում են դատարանին և բավականաչափ տեղեկացված են օրենքներից, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ անել հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու համար:
-Կարծում եմ, որ քաղաքացիների մեծ մասը չի վստահում դատարաններին, սակայն նրանց վստահությունը բարձրացնելու համար բավարար չէ միայն հասարակության իրավագիտակցությունը բարձրացնել, այլ անհրաժեշտ է արդարադատության որակը բարձրացնել, մասնավորապես` քաղաքացիական և վարչական դատավարությունների ոլորտներում, քանի որ քրեական դատավարության ոլորտում որակը բավականաչափ բարձր է:
Քվեարկելու համար այցելեք www. p-as.am