Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև կկնքվի «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրեր: Այս մասին այսօր Կառավարության նիստին զեկուցեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Ըստ Կառավարության որոշման նախագծի՝ տրամադրվելիք միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը: Մասնավորապես, նշյալ միջոցները բացառապես կօգտագործվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով Ախուրյան գետի վրա 25 մլն մ³ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու համար, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու համար, ինչպես նաև հարակից ծառայությունների համար:
Վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: