Հայաստանին ուղղված Ադրբեջանի ղեկավարության մեղադրանքները չեն կարող տպավորել ոչ Ադրբեջանից ներս, ոչ էլ, առավել ևս, այդ երկրի տարածքից դուրս: Նոյեմբերի 3-ին ԱԳՆ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով հարցին, թե վերջին օրերին Բաքվի ղեկավարության կողմից տարբեր մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին` փորձելով այդ մեղադրանքների միջոցով Ադրբեջանում տիրող բռնատիրական բարքերը վերագրել Հայաստանին:
«Անկախ նրանից, թե ինչ նպատակով է դա արվում, չեմ կարծում, որ դա կարող է տպավորել ինչ-որ մեկին Ադրբեջանից դուրս և անգամ Ադրբեջանի ներսում շատ քչերին կարող է դա տպավորել: Քննադատությունը մի երկրի կողմից, որը մարդու իրավունքներով զբաղվող ամենահեղինակավոր միջազգային կառույցներն անվանում են մարդու իրավունքները զարհուրելի ձևով խախտող բռնատիրություն, իրականության մեջ դատարկախոսություն է»,- ասաց ԱԳ նախարարը:
Նրա խոսքով` որքանով չէին կարող տպավորել քադաֆիական Լիբիայի կամ սադամհուսեյնյան Իրաքի կողմից այդպիսի մեղադրանքները, եթե դրանք հնչեին, նույնքան էլ այս դեպքում տպավորիչ չեն դրանք: