Պաշտոնական Բաքուն չի խորշում վիրավորական և անհիմն քննադատություններ պարունակող հայտարարություններ անել միջազգային տարբեր կազմակերպությունների այն ղեկավարների և ներկայացուցիչների հասցեին, ովքեր հանդես են գալիս Ադրբեջանում այս կամ այն խնդրի քննադատությամբ: Այս անգամ ադրբեջանական իշխանական շրջանակների թիրախում է հայտնվել ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, ով ավելի վաղ Թբիլիսիում, Հարավային Կովկասի ԶԼՄ-ների 11-րդ համաժողովի ժամանակ քննադատել էր Ադրբեջանում խոսքի ազատությունը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ երկրի արտգործնախարարությունը Միյատովիչին ստախոս է անվանել` նշելով, թե նրա հայտարարություններն իրականություն չեն: «Ադրբեջանում մեդիայի ազատության վերաբերյալ ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հայտարարությունը իրականությունը չի արտացոլում»,- հայտարարել է Ադբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևը: Նա հավելել է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչը հանդես է եկել կողմնակալ հայտարարությամբ: Գաջիևն ասել է, որ ադրբեջանական կողմն իր բողոքն ու դժգոհությունը հայտնել է անմիջապես Միյատովիչին: