Միջազգային 

Ադրբեջանն Ուկրաինայի հարցում ՌԴ-ի պատվիրակությանն աջակցություն Է խոստացել

Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օգթայ Ասադովն Ուկրաինայի հարցում ՌԴ-ի պատվիրակությանն աջակցություն Է խոստացել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանում, որն անցկացվելու Է Բաքվում:

 

«Մենք հետևում ենք Ուկրաինայի հարավ-արևելքի իրադրությանը, մենք հասկանում ենք Ռուսաստանի ակնկալիքները, մենք այդ ամենը տեսնում ենք: Ես գտնում եմ, որ մենք, լինելով ռազմավարական գործընկերներ, ԵԱՀԿ-ում նույնպես հանդես կգանք միասնական դիրքորոշմամբ»,-հայտարարել Է Ասադովը Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ կայացած հանդիպմանը:

 

Ասադովն ընդգծել Է, որ «Ադրբեջանը հսկայական նշանակություն Է տալիս Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»: «Ադրբեջանա-ռուսական հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Մեծ բավականությամբ ենք ձեզ սպասելու ԵԱՀԿ-ի նստաշրջանում: Հուսով եմ, որ և ադրբեջանական, և ռուսական կողմերը հանդես կգան միասնական դիրքորոշմամբ»,-հավելել Է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը:

 

Իր կողմից Նարիշկինը նշել Է, որ Ռուսաստանը շահագրգռված Է «Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ռազմավարական գործընկերության ընդլայնմամբ և խորացմամբ»: «Վստահ եմ, որ խորհրդարանականները կարող են իրենց ավանդը ներդնել դրանում: Մենք դրա համար ունենք բոլոր հնարավորությունները և միջխորհրդարանական գործակցության բոլոր գործիքները»,-հավելել Է նա:

 

ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նստաշրջանը Բաքվում տեղի կունենա հունիսի վերջին. Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի Սերգեյ Նարիշկինը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից