Միջազգային 

Ահաբեկիչներին պետք է միայն ոչնչացնել. Կադիրով

Այսօրվա գրոհայինները ոչ թե մոլորյալ են, այլ՝ հիվանդ։ Նրանց չի կարելի բուժել, նրանց կարելի է միայն ոչնչացնել։ Այդ մասին «Известия» թերթին ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է Вести-ն։

 

Այն մարդիկ, ովքեր «ընտրել են իսլամի, իրենց ժողովրդի և օրենքի դեմ ուղին», դաժանորեն կպատժվեն, զգուշացրել է Կադիրովը։ Նա վստահեցրել է, որ Չեչնիայում կձեռնարկվեն բոլոր միջոցառումները, որպեսզի չկրկնվի իրավիճակը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 4-ին Գրոզնիում ահաբեկչության ժամանակ։

 

Կադիրովը խոստովանել է, որ Չեչնիայում սկսել են լրջորեն զբաղվել ահաբեկչության դեմ պայքարով։

 

«Երբ մենք ստանանք օպերատիվ տեղեկություն, մենք չենք սպասելու ինչ-որ որոշման, այլ մեկնելու ենք և ստուգելու այն թե՛ Ինգուշեթիայում, թե՛ Դաղստանում, և բոլոր ահաբեկիչներին ոչնչացնելու ենք»,- հայտարարել է Կադիրովը։

 

Կուժեղացվեն անվտանգության միջոցառումներն ամանորյա տոների նախօրեին։

 

Կադիրովը հայտարարել է նաև, որ հպարտանում է նրանով, որ «Ռուսաստանի թշնամիներն» Ուկրաինայում իր դեմ քրեական գործ են հարուցել։

 

«Ես պետք է հպարտանամ դրանով։ Նրանք ինձ հետ հաշվի են նստում, նրանք վախենում են ինձանից։ Նրանք գիտեն, որ ցանկացած ժամանակ կգամ նրանց մոտ և կթակեմ պատուհանը։ Այդ պատճառով էլ անում են ամեն ինչ, որպեսզի ես նույնիսկ չմտածեմ Ուկրաինա գնալու մասին։ Որևէ գործ վարելու համար, նախևառաջ, պետք է օրենք, իսկ այնտեղ չկա օրենք և չկա ժողովրդավարություն։ Այնտեղ ինչ-որ ամբոխ է, քանի որ կառավարությունում հավաքվել են մարդիկ ամբողջ աշխարհից»,- նշել է Կադիրովը։

Նույն շարքից