Միջազգային 

Ամերիկայի հայ համայնքը ապրիլի 23-ին Սպիտակ տան մոտ մոմավառություն էր կազմակերպել

Ամերիկայի հայ համայնքը ապրիլի 23-ին Սպիտակ տան մոտ մոմավառություն էր կազմակերպել` պահանջելով նախագահ Օբամայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: 

 

Հավաքվածները նշել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտ են ոչ միայն բարոյական տեսակետից, այլև ապագայում հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման համար: 

 

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի խոսքով, Հայոց ցեղասպանության հարցը բանավեճի առարկա չէ, քանի որ պատմաբաններն իրենց խոսքը վաղուց ասել են: 

 

«Միացյալ Նահանգները՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և բարոյական արդարադատության առաջնորդ, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Խաչիկյանը: 

 

Փորձառու դիվանագետ, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը խորհուրդ է տալիս հարցին այլ կերպ մոտենալ: Իր խոսքով, ոմանք կարող են հիասթափվել, եթե Օբամայի հայտարարության մեջ չլինի «ցեղասպանություն» բառը, սակայն դիվանագետը խորհուրդ է տալիս հայտարարությունն ավելի ուշադիր կարդալ:

 

«Ցեղասպանությունը կարևոր բառ է, սակայն գոյություն ունեն ոչ պակաս բառեր»,-ասել է նախկին դեսպանը: 

 

Հիշենցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում կրկին ասել է Մեծ եղեռն, սակայն այս անգամ հիշատակել է 1915-ին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուին, ով իր զեկույցներում ներկայացրել էր թուրքերի վայրագությունները հայերի նկատմամբ, ինչպես նաև «ցեղասպանություն» բառի հեղինակ Ռաֆայել Լեմկինին:

Նույն շարքից