ԱՄՆ-ի, Իսրայելի և Հորդանանի եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Երուսաղեմում հակամարտության թուլացման ուղղությամբ քայլերի շուրջ: Այս մասին հայտնի է դառնում ԱՄՆ Պետդեպի կայքից:
«Համաձայնեցվել են իրական քայլեր, ոչ թե հռետորական, որոնք մարդիկ կարող են ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու և ստեղծելու համար այնպիսի մթնոլորտ, որում մենք կարող ենք առաջ ընթանալ դրական և կառուցողական հիմքով»,- Ամանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ հավելելով, որ հորդանանցիներն ու իսրայելցիները համաձայնվել են միասին աշխատել այնպես, ինչպես աշխատել են 1967 թվականից ի վեր՝ իրավիճակը թեթևացնելու նպատակով, և ձեռնարկվելիք «քայլերը հնարավորություն կտան հաստատելու, որ ստատուս քվոն կպահպանվի»:
Ավելի վաղ Հորդանանի մայրաքաղաքում Քերին բանակցել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, որն Իսրայելին մեղադրել է Երուսաղեմում «կրոնական պատերազմ» սանձազերծելու մեջ: Իսրայելի իշխանությունները հերքում են քաղաքում սրբավայրերի ստատուս քվոն հրեաների օգտին փոխելու՝ իրենց վերագրվող ծրագրերը, և Պաղեստինին մեղադրում են բռնություն հրահրելու մեջ:
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները 1967թ. վեցօրյա պատերազմից հետո առաջին անգամ անորոշ ժամանակով ամբողջովին փակել էին մուսուլմանների հասանելիությունն Ալ-Աքսա մզկիթին: