ԱՄՆ-ն մտահոգված է Վրաստանի կառավարության ներսում պաշտոնանկություններով և կողմերին կոչ է անում գործել՝ երկրի կայունության և ժողովրդավարության շահերից ելնելով:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի հաղորդագրության մեջ:
Վաշինգտոնում անհանգստացած են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, նրա տեղակալների, ինչպես նաև Եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի, արտգործնախարար Մայա Փանջիկիձեի և նրա տեղակալների պաշտոնանկություններով:
«Մենք բարձր ենք գնահատում այս նախարարների արժանիքներն իրենց երկրի առաջ, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի հետ գործընկերության հարցում»,-ասված է հայտարարության մեջ:
Պետդեպը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում անկայունության և ներքին տնտեսական խնդիրների պայմաններում Վրաստանի շահերից է բխում կայուն, միասնական լինելն ու օրենքի ոգուն և ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ մնալը:
«Մենք պնդում ենք, որ բոլոր կողմերն ապահովեն այդ պայմաններն ու կենտրոնանան Վրաստանի եվրատլանտյան ապագայի վրա: Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում ցրել այն տպավորությունը, որ այս դեպքում դատական համակարգն օգտագործվել է քաղաքական նպատակներով»,-ասված է Փսակիի հայտարարության մեջ: