Տնտեսություն 

Անտրամաբանական թանկացումներ Սյունիքի գազալցակայաններում

Երեկվանից Սյունիքի մարզի գազալցակայաններում գազի գնի բարձրացում է տեղի ունեցել:  Վարորդները խուճապի են մատնված. պատճառն անհասկանալի է: Եթե նախորդ տարվա վերջին ամիսներին գազի թանկացումը պայմանավորված էր դոլարի կտրուկ՝ շուրջ 15 տոկոս արժևորմամբ, ապա անհասկանալի և անտրամաբանական է թանկացումներն այսօրվա դրությամբ:

Analitik.am-ի  հետ զրույցում Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Մանվել Մարտիրոսյանն, ով ամեն շաբաթ սեփական մեքենայով Երևան է գալիս ուսանող երեխաներին տեսակցելու, զարմանքով պատմեց, որ ոչ միայն Կապանում, այլև Սյունիքի մյուս մարզերում գազի 1 խ/մ-ն վաճառվում է 215-220 դրամ. «Այսօր շատ գազալցակայաններում եմ եղել, ամեն տեղ կամ 215 դրամ է, կամ՝ 220 : Կարող է որոշ տեղեր համեմատաբար ավելի էժան են վաճառվում, բայց եթե պիտի ամբողջ օրը փնտրեմ՝ ծախսելով կրկնակի չափով գազ, ավելի լավ է թանկ գնով գնեմ» ,-ասաց կապանցի վարորդը, ում վրդովվեցրել էր տեղի գազալցակայանները սպասարկող աշխատակացիների, հատկապես դրանց սեփականատերերի ինքնագլուխ գործունեությունը: Զրուցակցիս խոսքով, այսօր շատ վարորդներ մտավախություն ունեն, որ գազի գինը ոչ միայն չի իջնի, այլև կպահպանվի. «Կարծում եմ, գազալցակայաններում գազի թանկացումը տանում է նրան, որ շուտով գազը թանկանալու է նաև սպառողների համար»,-մտահոգվեց նա:

 

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում դժվարացան պատասխանել analitik.am-ի հարցին, թե ինչով կարող է պայմանավորված լինել Սյունիքի մարզի գազալցակայաններում գազի սակագնի բարձրացումը, նշելով, որ առայժմ թանկացման մասին խոսակցություններ չկան, թանկացման մասին տեղեկություն չունեն և դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել։

Հ.Գ . Ի դեպ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայք այցելելիս մեր աչքից չվրիպեց հետևյալ հրապարակումը, ըստ որի 2014 թվականին գազասպառող բաժանորդների թիվը ավելացել է 10 893-ով: 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում առկա 915 համայքներից (49-ը քաղաքային և 866 գյուղական) բնական գազ են օգտագործում 598-ը, որից 553-ը գյուղական համայքներ են, 45-ը՝ քաղաք:

 

Գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման ծրագրի շրջանակում 229-ը նոր գազաֆիկացված համայնքներ են: Հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 661 386 բաժանորդ, որից 10 893-ը ավելացել է 2014 թվականի ընթացքում կամ աճը տարեսկզբի նկատմամբ կազմում է 1.6%:

 

Հետաքրքրական է, որ գազի սպառման ծավալներն ավելացնել են այն դեպքում, երբ ազգաբնակչության թիվը զգալիորեն նվազել է՝ կապված արտագաղթի հետ: Բնակչությունը գնալով քիչ գազ է սպառում, ինչը բնական է: Այդ ցուցանիշը դեռ պակասել էր 2013թ-ից՝ 0.6 տոկոսով, քանի որ մարդիկ, հատկապես գյուղական համայանքներում, գազի փոխարեն գերադասում են փայտ վառել:

 

Ի հավելում վերոշարադրյալի, նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության պաշտոնական հադորդագրության համաձայն, 2014թ. 5,4 տոկոսով ավելացել են նաև ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի, իսկ 3.4 տոկոսով՝ սպառման ծավալները:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից