Չի բացառվում, որ ապրիլի 23-24-ին թուրքական և արդրբեջանական հաքերները հարձակում գործեն հայկական լրատվական և պաշտպանության ոլորտին վերաբերող կայքերի վրա։ Այս մասին ապրիլի 21-ին, լրագրողներին է հայտնել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետի խոսքով՝ առաջիկա օրերին վտանգ է սպասվում թե տեխնիկական, թե բովանդակային առումով։
«Այդ օրերին կարելի է սպասել կայքերի վրա զանգվածային հարձակումների: Թիրախային հարձակումներ կարող են լինել լրատվական կայքերի և հատկապես Ցեղասպանության վերաբերյալ կայքերին: Տարիներ շարունակ այդպես էլ եղել է, թուրքերն այդ օրերին կոտրում են հայկական կայքերը: Ամեն տարի չէ, որ այդպես է լինում, բայց մի քանի անգամ լուրջ գրոհներ եղել են: Վերջին մի քանի տարում ադրբեջանական հաքերներն են ներգրավվել ցեղասպանության հերքման մեջ ավելի շատ, քան թուրքերը»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերվում է բովանդակային առումով հարձակումներին, ապա Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, հայկական կողմը բավականին շահեկան դիրքում է գտնվում, քանի որ Հայոց ցեղասպանության քարոզչությունն արվում է ամբողջ աշխարհով, հատկապես հայկական տեսակետը պաշտպանող։